Օրենքի փոփոխությամբ՝ փաստաբանները կգործեն հարկման ընդհանուր համակարգում
Աժ-ում քննարկվում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որում ներառված են փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումներ․ «Սա նախագիծ է, որով առաջարկվում է, որպեսզի փաստաբանական ծառայությունները և նոտարական գործունեությունը, որոնք հարկվում են շրջհարկի կանոններով, փոխել և բերել հարկային դաշտ՝ ԱԱՀ և շահույթահարկի սխեմայի միջոցով»,-իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ դեմ արտահայտվելով օրենքի փոփոխությանը։
Նրա խոսքով՝ օրենքի ընդունման արդյունքում կտրուկ մեծանալու են փաստաբանական և նոտարական ծառայությունների վճարները, ինչը հանգեցնելու է այդ ծառայություններից օգտվող անվճարունակ անձանց իրավունքների խախտման։ Օրենքի նախագծին դեմ է նաև փաստաբանական համայնքը, որը երեկ գործադուլ էր հայտարարել։
Մտահոգություններից է այն, որ կառավարությունը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հայտնեց, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել։