Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին
![Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին](/timthumb.php?src=/disc/29-04-24/c6b05d03124bee3f0e4f9ae8d48496df.jpg&w=450)
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում բարձր է գնահատել Ալիևի անցած շաբաթվա հայտարարությունը, ըստ որի՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են ընդունել 1991 թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը: «ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել պահպանել դինամիկան իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը», - նշված է Պետդեպի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բլինքենի հետ զրույցում Ալիևը հայտնել է Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին՝ դրական քայլ անվանելով այն։ Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Էնթոնի Բլինքենի հետ: