Հայաստանում «կոռուպցիա չկա», և Խաչատուր Սուքիասյանն ասվածի ցցուն վկայությունն է
Կան բաներ, որոնց անհնար է չարձագանքել: Եթե մեռած չես, ուրեմն արձագանքում ես, այսինքն՝ ռեակցիա ես տալիս: Ու չնայած Խաչատուր Սուքիասյանի, նրա սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրանց կողմնակիցների բուռն ցանկությանը և ջանքերին, դեռ լրիվ մեռած չենք, որ «ռեակցիա չտանք»:
Այսօր, խորհրդարանում, ՔՊ խմբակցության կարկառուն ներկայացուցիչ, բազմամիլիոնատեր Խաչատուր Սուքիասյանը ելույթ է ունեցել: Ու, ինչպես հաղորդում է News.am-ը, մասնավորապես ասել է, թե... Հայաստանում «բյուջեն հավաքվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, երբ ՀՀ-ում ազատ է տնտեսական գործունեությունը, ՀՀ-ում ցանկացած երկրի քաղաքացի կարող է գործունեություն ծավալել և հարկեր վճարել...
Ըստ փաշինյանական պատգամավորի՝ այն, որ 2024-ի պետբյուջեն 1,5 անգամ ավելի է, քան 2017 թվականին էր, պատճառը հենց վերոնշյալ հանգամանքներն են:
Խաչատուր Սուքիասյանը նաև ասել է. «...Եթե նախկին իշխանությունները կոռուպցիոն համակարգն արմատախիլ անեին այնպես, ինչպես այսօր է, ապա մենք կունենայինք ասֆալտապատ փողոցներ, ճանապարհներ, դպրոցներ կառուցված կլինեինք։ Այսօր բոլոր դպրոցները ֆինանսավորման խնդիրներ ունեն»:
Խաչատուրյանը նշել է, որ 30 տարի մանկապարտեզ չի եղել, դպրոցներնում էլ այնպիսի պայմաններ են եղել, որ երեխաները չեն ցանկացել հաճախել. «Գալիս եք մեզ մեղադրում եք մի բանում, որը դուք եք ստեղծել։ Եթե այդ գումարները չհատկացնեինք ճանապարհաշինությանն ու դպրոցաշինությանը, ապա մի քանի անգամ ավելի շատ գումար կհատկացնեինք պաշտպանությանը՝ բանակին, նորարարական տեխնոլոգիաներ կներդնեինք։ Բայց այյդ գումարները գնում են ասֆալտի կառուցմանը»:
Խաչատուր Սուքիասյանի ասածները նախ՝ սո՛ւտ են, երկրորդ՝ մանիպուլյատիվ են, երրորդ՝ դեմագոգիկ արտահայտություններ են, չորրորդ՝ «դասական» նիկոլիզմ են:
Մյուս կողմից, փաստենք, որ Փաշինյանն ու Խաչատուր Սուքիասյանը, որպես վերջին 5 տարիների իշխանություն «Հայաստանում արմատախիլ են արել կոռուպցիան» , այսինքն՝ այսօր Հայաստանում «կոռուպցիա չկա», և ինքը՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ասվածի ցցուն վկայությունն է:
Առհասարակ, այդ ո՞վ, ՀՀ այդ ո՞ր մի քաղաքացին չգիտե, որ Խաչատուր Սուքիասյանն ու իր ազգուտակը ունեցած ահռելի կարողությունը դիզել են բացառապես ու բացարձակապես ազնիվ աշխատանքով, արդար տնտեսական մրցակցությամբ, առանց կաշառք-մաշառք տալու, առանց մենաշնորհներ ունենալու, ի լրումն՝ հարկային պարտավորությունները լիարժեք կատարելով: Մի՞թե այդպես չէ:
«Բա, էլ ի՞նչն է սուտ ասում, ի՞նչն է մանիպուլյատիվ»,-կհարցնեք դուք: Առաջին սուտը այն է, որ նրա ասածով ստացվում է, թե 30 տարի շարունակ, ոչ ճանապարհաշինություն է եղել, ոչ ասֆալտապատում, ոչ դպրոց է կառուցվել, ոչ էլ որևէ այլ բան, ի լրումն, բանակի, պաշտպանության վրա էլ ծախսեր չեն արվել, դրա համար, հիմա՜, իրե՜նք...:
Սո՛ւտ է. քանի որ բոլոր նախորդ իշխանությունների պայմաններում թե՛ ասֆալտապատման, թե՛ ճանապարհաշինության, թե՛ այլ նմանօրինակ աշխատանքների համար պետական սուղ միջոցներից հատկացումներ արվել են, աշխատանքներ արվել են:
Գումարած՝ Աղետի գոտու վերականգնման աշխատանքները, գումարած՝ երկրի տնտեսական վերելքին ուղղված քայլերն ու վերելքը, բանակի շարունակական վերազինումն ու արդիականացումը: Ախր, ո՞ր մեկն ասես:
Թե՞ Հայաստանը 30 տարի քարուքանդ, ավերված, սովամահ, վերացած էր, քանի դեռ մեծն Խաչատուր Սուքիասյանը և նրա Նիկոլ Փաշինյանը ՀՀ իշխանություն չէին դարձել:
Ամենից կարևորը. բոլոր նախկին կառավարությունները այդ ամենին զուգահեռ, զգալի միջոցներ են ուղղել պաշտպանության ու անվտանգության ապահովման համար, որը ցանկացած իշխանության թիվ 1 պարտավորությունն է: Ու, ամենից կարևորը՝ բոլոր նախկին իշխանություններն ԱՊԱՀՈՎԵ՛Լ են այդ անվտանգությունը, պահել ու ապահովել են այնպիսի բանակ ու Զինված ուժեր, որոնք թշնամուն ոչինչ չեն զիջել ու մշտապես չեզոքացրել են թշնամու սպառնալիքները:
Իսկ այ, Խաչատուր Սուքիասյանն ու նրա Նիկոլ Փաշիյնանի իշխանությունը թշնամուն են հանձնել Արցախը, ամբողջությամբ: Խաչատուր Սուքիասյանն ու նրա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարել են այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով հայաթափվել է Արցախը, որի հետևանքով հազարավոր հայ ու ՀՀ քաղաքացիներ են զոհվել, սպանվել, հաշմվել: Խաչատուր Սուքիասյանն ու Նիկոլ Փաշինյանն այնպիսի իշխանություն են, որի օրոք թշնամին ՀՀ տարածքից շուրջ 200 քառակուսի կիլոմետր է զավթել ու շարունակական սպառնալիքի տակ է պահում Հայաստանի ամբողջական մարզեր, գյուղեր, հազարավոր հայ մարդկանց, ամբողջ Հայաստանն է ոչնչացման սպառնալիքի տակ:
Ի դեպ, բյուջեի ավելանալու մասիին: Հինգ տարվա մեջ ընդամենը 1,5 անգա՞մ: Ամո՛թ է, ամո՛թ: Բա երկրի պա՞րտքը քանի անգամ է աճել: Բա ձեր պարգևավճարնե՞րը քանի անգամ են աճել: Բա գնե՞րը քանի անգամ են աճել: Բա մահե՞րը քանի անգամ են աճել...
Ո՞վ է ինչի մասին խոսում, էլի: Խաչատուր Սուքիասյա՞նը:
Նախկիններն, իհարկե, սխալներ նույնպես շատ ունեն: Բայց ամենամեծ սխալներից մեկն այն է, որ ժամանակին, երբ իշխանափոխություն եղավ, դրանից առաջ ձևավորված «օլիգարխիկներին» տնով-տեղով չունեզրկեցին, «սեփականաշնորհած» օբյեկտներն էլ չազգայնացրեցին, այդ բավարարվեցին որոշների չվճարած միլիարդանոց հարկերը գանձելով ու թույլ տվեցին, որ շարունակեն տնտեսապես գոյություն ունենալ: Դա, իհարկե, «բոլշևիկություն» կլիներ, այսպես ասած՝ պրոլետարականության դրսևորում, բայց հաստատ ավելի արդար բան կլիներ, քան այսօրվա արնաշաղախ կործանման գրոտեսկային պատկերն է:
Ա.Հ.