Էլ ի՞նչ է ասել Շառլ Միշելը Ալիևի ականջին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած շփումների մասին: Ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, Գրանադայում ընթացող «Եվրոպական քաղաքական ընկերակցության» գագաթաժողովում Շառ Միշելը պատմել է Ալիևի հետ վերջերս ունեցած զրույցի բովանդակության մասին: Նրա խոսքով զրույցը տեղի է ունեցել 2 օր առաջ: Եվրոպական խորհրդի նախագահը նշել է. «Խոսել եմ նախագահ Ալիևի հետ, և նրան հստակ ասել եմ, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանից։ Սա պետք է բարձրաձայն ասվի, և պետք է երաշխավորվի, որ կա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում»:
Ինչ վերաբերում է Ալիևի՝ Գրանադա չգալուն և, մեծ հաշվով՝ «Եվրոպական քաղաքական ընկերակցության» հանդեպ արհամարհանքի ցուցադրությանը, ապա Շառլ Միշելն ասել է, թե մտադիր չի մեկնաբանել նրա՝ Գրանադա չգալու որոշումը «այստեղ, մարդկանց մեջ», ապա հավելել է, «Ես ամեն ինչ կասեմ նրան անձամբ, թե ինչ եմ մտածում այդ մասին»։
Երևի այնպիսի բան է ասելու, որ «մարդկանց մեջ» ասելիս այնքան էլ լավ չի հնչում:
Իսկ «մարդկանց մեջ», այսինքն հրապարակավ հայտարարել է, որ ԵՄ միջնորդությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև, ուղղված է այս տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը։
Զարմանալի է, թե եվրոպական ամենից բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ինչո՞ւ է հարկ համարել առանձնահատուկ շեշտել, որ իրենց քայլերը ուղղված են տարածաշրջանում Եվրամիության շահերի պաշտպանությանը, այլ ոչ թե, ասենք, Թուրքիաայի կամ Ադրբեջանի շահերի սպասարկմանը:
Իսկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորելն էլ, ի դեպ, հույս է հայտնել, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները կարող են տեղի ունենալ Բրյուսելում, հատկապես, հակամարտության հետագա զարգացումը կանխելու և Հայաստանը քաղաքականապես կայունացնելու նպատակով»:
Նա նաև նշել է, թե քանի որ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները Գրանադա չեն եկել, ուրեմն իրենք չեն կարող խոսել «այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին այն փաստն է, որ ավելի քան 100 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները»:
Երևի Ժոզեփ Բորելն ուզում էր Ալիևի աչքերի մեջ նայելով այդ մասին խոսել, բայց վերջինս որոշեց չմեկնել Գրանադա ու նրա բացակայությամբ, պարզվում է, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության էթնիկ զտման ու հայրենազրկման մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան չի կարող խոսել: