ԼՂ-ում սեպտեմբերի 19-ին զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 203-ի
Սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորների թիվը հասել է 191-ի, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Պարզվել է ևս 5 մահացածի ինքնություն։
Նրանցից բացի մարտերում զոհվել են նաև ՆԳՆ 12 աշխատակիցներ։
Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր 192 զոհվածի մասին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը, նրանք զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը և տեղափոխվում Հայաստան։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am