Բնակչության տեղափոխման գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլոր ցանկացողները տեղափոխվեն
Արցախի ՆԳՆ-ից հայտնում են․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ`դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն, առաջացրել է խցանումներ։
Այդ իսկ պատճառով, հորդորում ենք`
Խուճապի չմատնվել և չշտապել` Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։
Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։
ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը, իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551»։