Քաղաքացու կարտոֆիլները գետնին գցե՞լն էր պատգամավորին հարիր․ լրագրողները՝ Աղազարյանի. Տեսանյութ

Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելը վրեժխնդրություն չէ, վրեժխնդրությունն անձնական դաշտում է լինում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Մենք չենք կարող ընդդիմության շրջանում նախընտրելի թեկնածու ունենալ, իրենք պետք է որոշեն՝ ում առաջադրել։ Ես խնդիր չեմ տեսնում նախագահ չունենալու մեջ, եթե հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են։ Թագուհի Թովմասյանը, փաստացի, 46 նիստերից 38-ում բացակայել է՝ այդպիսով կապ չապահովելով անդամների միջեւ։ Իր ներկայությամբ վիրավորական խոսքեր են ասել հայ ժողովրդի հասցեին եւ ինքը քար լռությամբ կամ նույնիսկ հեգնբական ժպիտով հետեւել է»,- նշեց Աղազարյանը։
Դիտարկմանը, որ ինքն էլ որպես պատգամավոր իրավունք չուներ քաղաքացու կարտոֆիլները գետնին նետելու, Աղազարյանն արձագանքեց․ «Գնացեք այդ փողոցը նայեք ինչ է կատարվում։ Մայթում վաճառելը մի հարց է, որով զբաղվում է քաղաքապետարանը, իսկ երթեւեկելի հատվածը փակելը՝ այլ։ Կարտոֆիլի պարկն ընկել է, որովհետեւ ես վիճաբանության ընթացքում կպել եմ կարտոֆիլի պարկին»։
Աղազարյանը հերքեց, որ պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը սոցիալական ցանցերում հայհոյում է քաղաքացիներին․ «Ես չգիտեմ՝ ով է եղել այդ կինը։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր ազդեցություն ունենում է իր հակազդեցությունը»։
Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում