Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ

2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում կայացած հանդիպման ընթացքում Դատավորների եվրոպական միությունը (այսուհետ նաև՝ EAJ) լուրջ մտահոգություն է արձանագրում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք բացասաբար են անդրադարձել Բարձրագույն դատական խորհրդի անկախության վրա և հանգեցրել են կարգապահական վարույթների չարաշահման՝ որոնք մասնավորապես ծառայում են դատավորներին դատական համակարգի խնդիրների, գործունեության վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն։
Խորհրդի (Բարձրագույն դատական) ներկայիս դատավոր չհանդիսացող բոլոր անդամներն առաջադրվել և նշանակվել են ԱԺ իշխող խմբակցության կողմից, որն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն է կազմում:
Չեն բացահայտվել, հրապարակվել իշխող կուսակցության կողմից թեկնածուների ընտրության չափանիշները՝ որակավորման ու արժանիքների տեսանկյունից, չեն հրապարակվել նաև մինչ առաջադրումը նրանց ընտրության ընթացակարգն ու չափանիշները: Ընտրության համար առաջադրվածներից երկուսը նշանակմանն անմիջապես նախորդող ժամանակահատվածում զբաղեցրել են համապատասխանաբար Արդարադատության նախարարի և նույն նախարարի տեղակալի պաշտոնները։ Նրանցից առաջինը ԱԺ-ի կողմից ընտրվելուց հետո անմիջապես ստանձնել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը: Նման նշանակումներն ու այն, որ խմբակցության կողմից փորձ չի արվել փաստարկել, հաստատել թեկնածուների ընտրության, արժանիքների չափանիշները, հանգեցնում են աներկբա դատողության առ այն, որ դրանք կատարվել են քաղաքական դրդապատճառներով:
Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ, որպիսիք հանգուցալուծվում են Բարձրագույն դատական խորհրդում: Պետության գործադիր իշխանության մաս կազմող Արդարադատության նախարարին նման լիազորության ընձեռումը վտանգում է դատավորների անկախությունը: