Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են ազատվել Նիկոլ Փաշինյանից

Արդյո՞ք Ռուսաստանում որոշել են ազատվել Նիկոլ Փաշինյանից․
Օրերս մի շատ վստահելի աղբյուրից իմացա, որ ՌԴ-ում Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորը այդ երկրի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է, որը տարիներ շարունակ ձգտել է Հայաստանից պոկել զիջումների խոստում, սակայն չստանալով այն՝ Պուտինի մոտ բարեխոսել է Նիկոլի համար (թեպետ կասկածից վեր է, որ ՔՊ-ին իշխանության բերեց Արևմուտքը)։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու էր Արևմուտքին (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), Թուրքիային, ու Լավրովի հովանավորությամբ՝ որոշ պահից նաև Ռուսաստանին։
2020-ի պատերազմի ժամանակ, սակայն, ռուսները հասկացան, որ Նիկոլի ձեռամբ իրենց փորձում են դուրս մղել մեր տարածաշրջանից։ Արեցին կտրուկ քայլեր ու զորքեր մտցրին նաև Արցախ։ Հաջորդ երկու տարվա ընթացքում (2020-2022) տեղի էր ունենում երկու բևեռների սառը պատերազմ Հայաստանին տիրանալու համար, Նիկոլն էլ թեթևաբարո կնոջ նման մեկի գրկից վազում էր մյուսի գիրկը։
Կուլմինացիան եղավ 2022-ի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայի հայտարարությունից հետո Ռուսաստանի համար վերջնական պարզ դարձավ՝ Նիկոլը այլևս միայն Արևմուտքի գրկում է, ինքը կորցնում է ինչպես Արցախը, այնպես էլ ամբողջ Հայաստանը և հետևաբար՝ ամբողջ Անդրկովկասը։ Ռուսաստանի համար կորցնել Անդրկովկասը՝ նշանակում է դուռ բացել ռուսական պետության մասնատման համար։ Մեր տարածաշրջանից զրկված Ռուսաստանը առավելագույնը մեկ տասնամյակ հետո կբաժանվի երկու մասի ու կքայքայվի։
Արևմուտքը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա) հիմա փորձում է Ռուսաստանի քայքայումն սկսել Նիկոլի ձեռքով և Թուրքիայի մասնակցությամբ։ Երկուսն էլ տրոյական ձիու կարգավիճակ ունեն, երկուսն էլ բարեկամի դիմակով են, բայց իրականում թշնամի են Ռուսաստանին։
2022-ի հոկտեմբերին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումն ու հայտարարությունը ելակետային էր Պուտինի համար՝ հասկանալու, որ Նիկոլի վրա հույս դնել չի կարելի, և այդ հարցում Լավրովի հաշվարկները սխալ են դուրս եկել։ Նիկոլին այդ առումով հաջողվել է անգամ վեճի առարկա դառնալ Պուտինի ու Լավրովի միջև։
Հավանաբար միայն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գիտի, թե 2022-ի նոյեմբերի 22-ի հանդիպման ժամանակ ինչ տհաճ խոսակցություն է եղել Լավրովի հետ, և թե իրականում ինչու դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հրաժարվեց մեկնել Մոսկվա։ Դա ամենևին էլ կապ չուներ Արցախի ճանապարհը փակ լինելու հետ, այլ ընդամենը պատրվակ էր։ Լավրով-Միրզոյան միջադեպի մասին դեռ մանրամասներ ու բացահայտումներ կլինեն։
Իրականում 2022-ի նոյեմբերի 22-ից հետո հայ-ռուսական դիվանագիտական շփումներ էլ չեն եղել՝ ոչ պաշտոնական, ոչ էլ խոհանոցային մակարդակում։ Դա արդեն խոսում է երկու երկրների իշխանությունների միջև հարաբերությունների լրջագույն ճեղքվածքի մասին։ Թեպետ 2023-ի փետրվարի 10-ին կարճատև հեռախոսազրույց է եղել Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի միջև, բայց դա խիստ արարողակարգային ու ցուցադրական է՝ արտաքին աշխարհի համար, իբրև թե՝ մենք դեռ շփվում ենք։
Իրականում Լավրովը ևս ձեռք է քաշել Նիկոլից ու նրա թիմից՝ Պուտինին առաջարկելով Հայաստանում հասնել լրջագույն ու խորքային քաղաքական փոփոխությունների, այլապես ամիսներ անց հենց Ռուսաստանի համար ուշ կլինի։
Լավատեղյակ աղբյուրներն ասում են՝ ռուսական իշխանությունների ու Նիկոլի թիմի միջև անդունդը այնքան խորն է, որ էլ որևէ կամուրջ հնարավոր չի լինի կառուցել։
Տեսնենք, թե ռուսական կողմը ինչ գործիքներով կարտահայտի իր դիրքորոշումը առաջիկա օրերին ու շաբաթներին։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից