Մենք 2023-ը դիմավորելու ենք Եռաբլուրում. Արցախցի երիտասարդները դեկտեմբերի 31-ին լուռ երթ կանցկացնեն

Արցախցի երիտասարդները դեկտեմբերի 31-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու են դեպի Եռաբլուր` այնտեղ դիմավորելու 2023 թվականը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, մենք` Արցախի երիտասարդներս, Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքը շրջափակելու պատճառով չենք կարողանում վերադառնալ Արցախ: Հաշվի առնելով այս կարևոր փաստը՝ մենք 2023 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում:
Քանի որ չենք կարողանում Նոր տարվա մուտքը նշել մեր ընտանիքների հետ, մենք այն դիմավորելու ենք ամենաարժանիների կողքին: Սա առավելագույնն է, որ կարող ենք և պետք է անենք: Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր: Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու համար:
Միացե՛ք` լռությամբ դիմավորենք Ամանորը հայրենիքի համար ամենաթանկարժեքը զոհած մարդկանց կողքին«,-ասվում է հայտարարությունում: