Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները. մանրամասներ

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում կործանված ինքնաթիռի մասին: «Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,- նշված է հաղորդագրության մեջ: Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում: Ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում ինքնաթիռն ընկել է և բռնկվել: Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի: