Լիպեցկում կառուցում են հայկական եկեղեցի
![Լիպեցկում կառուցում են հայկական եկեղեցի](/timthumb.php?src=/disc/16-11-22/890a5467fe7664bc142db361fd3e7aad.jpg&w=450)
Նոյեմբերի 15-ին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը հյուրընկալեց Լիպեցկի եկեղեցական համայնքի ատենապետ Եղիազար Եղիազարյանին՝ Տամբովի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու, ինչպես նաև Լիպեցկի այցելու հոգևոր հովիվ Տ. Վիգեն քհն. Մանուկյանի ուղեկցությամբ:
Հյուրերը ներկայացրին Լիպեցկի հայ համայնքը, որը տարիներ ի վեր եկեղեցի կառուցելու նվիրական հույսեր է փայփայել և այժմ պատրաստ է կյանքի կոչելու այդ երազանքը: «Քաղաքապետարանը հատուկ է տեղ է հատկացրել հայերին եկեղեցի կառուցելու համար, ունենք նաև աղոթատան նախագիծը: Եկեղեցուն կից նախատեսում ենք նաև կառուցել հայորդյաց տուն»,- իր խոսքում նշեց Ե. Եղիազարյանը:
Եզրաս սրբազանն օրհնության խոսք ասաց և իր գնահատանքը բերեց Լիպեցկի հայերին աստվածահաճո նախաձեռնության համար: «Նորակառույց եկեղեցին կդառնա այն նվիրական վայրը, որտեղ յուրաքանչյուր ոք կգտնի հոգևոր խաղաղություն և աղոթքով Աստծուն մերձենալու ճանապարհ»,- ասաց սրբազան հայրը և մաղթեց, որ Տերը զորավիգ լինի Լիպեցկի հայերին ազգաշահ ձեռնարկի համար:
Եկեղեցու հիմնօրհնեքը նախատեսվում է կատարել 2023 թվականի գարնանը: