Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին Ջերբայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, Մակրոնն այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Էմանուել Մակրոնը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայի գագաթնաժողովի արդյունքներով:
Մակրոնը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու և քաղաքական լուծման հասնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում: