BMW-ն դուրս է եկել ճանապարհից, սահել ձորն ու հայտնվել երկաթգծի վրա

Հոկտեմբերի 30-ին, ժամը 20։08-ին ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել երկաթգծի վրա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը (մոտ 20 մ), այնուհետև հայտնվել երկաթգծին: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից և տեղափոխել ավտոքարշակի վրա: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենայից դուրս բերել վարորդին։ Վերջինս հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել բավարար: