Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ»
![Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ»](/timthumb.php?src=/disc/27-09-22/bb2f0f6575288660e1905b0ae0623a12.jpg&w=450)
Անկարայում Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն և արձագանքել Բունդեսթագի փոխխոսնակ, Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված հայտարարություններին, որոնք համարել են վիրավորական։ Այս մասին հայտնում է TRTHaber-ը։
«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիցկիի վիրավորական արտահայտությունները մեր նախագահի հասցեին», - ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը։
Նրա խոսքով՝ գերմանացի քաղաքական գործչի հայտարարություններն անընդունելի են և զուրկ են «քաղաքական բարոյականությունից»։
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքն այս հարցում զեկուցվել է Անկարայում Գերմանիայի դեսպանին, ով կանչվել է նախարարություն։ Ավելի վաղ Ազատ դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիցկին Էրդողանին «կոյուղու առնետ» էր անվանել փախստականների ճգնաժամի ժամանակ նրա վարած քաղաքականության համար։