Սենսացիոն փաստաթղթեր. Ադրբեջանը ավիառումբեր է վաճառում Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային
![Սենսացիոն փաստաթղթեր. Ադրբեջանը ավիառումբեր է վաճառում Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինային](/timthumb.php?src=/disc/31-07-22/d8b3f5b10187344088c5a00228049b0d.jpg&w=450)
Ռուսական սոցցանցային հարթակներն ու տարբեր երկրների լրատվամիջոցներ ողողված են տեղեկությամբ, ըստ որի` Ադրբեջանը, ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, առերես չեզոք դիրք գրավելով, ավիառումբեր է մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Տելեգրամի Wings of war («Крыля войны») ռուսական ալիքը սկանդալային տեղեկություններ է հրապարակել այդ մասին՝ վկայակոչելով իրաքյան Sabereen News Տելեգրամ ալիքի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2022 թ. ապրիլին գաղտնի զինամթերք է մատակարարել Ուկրաինայի զինվորականներին:
Ըստ այդ փաստաթղթերի՝ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ին կից գործող CIHAZ արդյունաբերական ասոցիացիան ավիառումբեր է ուղարկել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությանը: Բեռնափոխադրումն իրականացրել է «Մերիդիան» ավիաընկերությունը՝ Սուդանի Խարտում քաղաքից դեպի Լեհաստան, այնտեղից էլ՝ Ուկրաինա:
«Այսպիսով, Ադրբեջանը (և որոշ չափով նաև Թուրքիան) ուղղակիորեն մասնակցել են Ուկրաինայի զինված ուժերը բարձր ճշգրտության ավիառումբերով զինելուն՝ չնայած Ուկրաինայում զինված հակամարտության նկատմամբ պաշտոնական չեզոքությանը: Մնում է երկու հիմնական հարց՝ քանի՞ այդպիսի ռումբ է կիրառվել Ռուսաստանի Դաշնության և Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների դեմ, և Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման կեղտոտ պատմությունը: Հանուն կասկածելի օգուտների՞»,-եզրափակում է ռուսական Տելեգրամ ալիքը:
Ուկրաինայում ռազմական գործողության հենց նախօրեին՝ 2022 թ. փետրվարի 22-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր էին ստորագրել:
Պատրաստեց Արամ Սարգսյանը
![](/disc/31-07-22/76698615de42b485c08d83c28c93d677.jpg)
![](/disc/31-07-22/54c1e76220f488a1f995b8a8584645fb.jpg)
![](/disc/31-07-22/1bc1dd63420b473c72f1d43fccc7a87a.jpg)
![](/disc/31-07-22/baa21b08416a4a909dfb150ab124e4b8.jpg)
![](/disc/31-07-22/63bdbcac760bda57cfc27efe255677f9.jpg)
![](/disc/31-07-22/2886039a424c02197940ca420b00ea7a.jpg)
![](/disc/31-07-22/60e303b7a3bb9a424e75837b5539b409.jpg)
![](/disc/31-07-22/5cf005364634d7ca5ae7d7ec40c2595f.jpg)
![](/disc/31-07-22/9b198aee77dee16d028301e806073bee.jpg)