Սիրիայի Տաբկա օդանավակայանը ԱՄՆ-ի համար կարող է դառնալ թուրքական Ինջիրլիքի այլընտրանք
ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքին հարակից Տաբկա օդանավակայանը դիտարկում է որպես այլընտրանք Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ավիաբազային:
Ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի` Վաշինգտոնը արդեն սկսել է վերանորոգել վերջերս «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից ազատագրված սիրիական օդանավակայանը:
Թուրքական աղբյուրը, հղում անելով ԱՄՆ-ի հովանավորությամբ ԻՊ-ի դեմ պայքարող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) բարձրաստիճան հրամանատարներից մեկին, գրում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ռաքքայի օպերացիայի ընթացքում Ինջիրլիքի փոխարեն օգտագործել հենց Տաբկայի օդանավակայանը: Այդ նպատակով Սիրիա են ժամանել ամերիկացի ինժիներներ, որոնց օգնությամբ արդեն սկսվել է ռազմական գործողությունների արդյունքում զգալիորեն վնասված օդանավակայանի վերանորոգումը:
Նախատեսվում է վերանորոգումն ավարտել 20 օրում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի անդամ երկրների ինքնաթիռները, որոնք ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելու նպատակով գտնվում են Թուրքիայի Ադանա քաղաքին հարակից Ինջիրլիք ռազմաբազայում, կտեղափոխվեն Տաբկա:
Աղբյուր` Ermenihaber.am