Բուհերի ռեկտորների խորհրդի նիստում քննարկվել են պատերազմի և կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող հաստատությունների առանցքային նշանակությունը։ Ա. Հարությունյանն անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված խնդիրներին՝ կոչ անելով պատշաճ ուշադրություն դարձնել հակահամաճարակային կանոնների պահպանմանը` դրանով նաև աջակցելով բուժհաստատություններին։
Նախարարը կարևորել է նաև պատերազմի պայմաններում բուհերի բնականոն աշխատանքը ապահովելու, քաղպաշտպանության հետ կապված հարցերը կարգավորելու և այդ գործում ուսանողների ներգրավվածությունը խրախուսելու ուղղությունները: