Թուրք լրագրող․ «Ադրբեջանը պետություն չէ, աշիրեթ է»
Քրդական ծագումով թուրք գրող և լրագրող Լևենթ Գյուլթեքինը թուրքական «Halk TV» հեռուստաընկերության «Երկու հայացք, երկու մեկնաբանություն» հաղորդման եթերում հայտնել է, որ Ադրբեջանը պետություն չէ, այլ աշիրեթ է։
Լրագրողը, ակնարկելով այն, որ թուրքական իշխանությունները դեռևս չեն տեղափոխվել իրենց վաղ միջնադարյան քոչվորական հասարակարգից և շարունակում են իրենց զավթողական քաղաքականությունը, ասել է․ «Ձին հեծնած գնում են։ Եթե նայես Դևլեթ Բահչելիին (թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ), ապա նա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կմիացնի Ադրբեջանին, իսկ այդ տարածքների միջև գտնվող Հայաստանի տարածքները հավանաբար կգրավի»։
Գյուլթեքինը, վիճարկելով Ադրբեջանի պետություն լինելու հանգամանքը, հռետորական հարց է բարձրացրել՝ արդյոք Ադրբեջանը պետություն է, թե ոչ․
«Ադրբեջանը աշիրեթ է, այնտեղ ժողովրդավարություն չկա, իրավունք չկա։ Այնտեղ ավտորիտար վարչակազմ է, ընտրություն չկա, փողի մեջ լող են տալիս։ Դեռ մինչև այսօր մի մարդավարի պետություն չեն ստեղծել»։
Աղբյուր՝ Ermenihaber.am