Վարկային արձակուրդները չեն կարող տևել երկար. ԿԲ փոխնախագահ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
Չափազանց կարևոր է, որ այսօրվա քննարկումը կառուցենք փաստերի և դրանց վերլուծության հիման վրա արված եզրակացությունների, և ոչ թե զգացմունքային ու միակողմանի ենթադրությունների վրա: Յուրաքանչյուր հայ մարդու, քաղաքացու խնդիրը մեր անձնական խնդիրը համարելով, մենք պետք է կարողանանք տալ հիմնարար և հավասարակշռված լուծումներ: Հետևաբար, այդ տեսակետից՝
- Խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ բանկերի ու ֆինանսական այլ կառույցների շահառուների, այդ թվում ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թվին, և այդ թվերն այստեղ հնչեցին: Ինչպես ամբողջ աշխարհում, դա մենք չափում ենք խնդրահարույց, կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7%-ի շրջանակներում, իսկ համավարակից հետո ավելացել է ընդամենը 1%-ով և այս պահին գտնվում է 7%-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ վարկառուների առնվազն 93%-ը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում են իրենց պարտավորությունները, և վարկերը վերցրել են որոշակի նպատակից ելնելով, և էապես բարելավել իրենց բարեկեցությունը:
- Մասսայական վարկային արձակուրդը՝ այստեղ պետք է կողմնորոշվենք, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: Ֆինանսական գնի մասին քիչ ուշ, սակայն բարոյական ռիսկի մասով, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, սա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության՝ վարկառուները կսկսեն չվճարել, ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում։ Այսինքն, այդ մարդիկ ունեն ոչ պարտաճանաչ վարքագծի խնդիր։ Ստացվում է այնպես, որ պարտաճանաչ վճարողները չեն խրախուսվում: Իսկ ընտրովի մոտեցման դեպքում, գործնականում անհնար է որոշել, թե ում պետք է արձակուրդ տրամադրվի՝ առանց կոպտորեն խախտելու արդարության սկզբունքը, չհաշված բոլոր ադմինիստրատիվ ծախսերը, ինչը կարող է տանելի չլինել:
- Բանկերը հանդիսանում են ընդամենը միջնորդներ, ներգրավում են ավանդներ, որոնց հաշվին իրականացնում են վարկավորում: Սա շատ պարզ մեխանիզմ է՝ վարկերի դիմաց ստացված տոկոսագումարներից բանկը պետք է կատարի ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները։ Ընդ որում, բանկերը մեր քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը, և մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյո՞ք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների: Հակառակ դեպքում, երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սննկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու:
- Բնականաբար, ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, ով վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, ընթացիկ ծախսերը կրճատելու, կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, մեզ պնդելու է, որ վարկը դա բեռ է և ինքը ճկում է դրա տակ: Սակայն այդ նույն քաղաքացուն, եթե մենք հարցնեինք վարկ ստանալու պահին, ապա վստահ եմ, որ բոլորը կասեին, որ վարկը դա բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել իրենց այդ պահի խնդիրը: Եվ մենք, միաժամանակ, չպետք է մոռանանք հարցնել այն վարկառուներին, ովքեր լավ պատմություն ունենալով, արդեն իսկ օգտվում են վարկային քարտերի օգտագործման դեպքում մինչև 50 օր արտոնյալ զրո տոկոսով վարկային գծերից, կարողանում են ժամանակավոր լուծել իրենց եկամուտների անկման կամ հետաձգման հարցերը, հիփոթեքային վարկավորման միջոցով կարողանում են լուծել իրենց բնակարանի հարցերը, կամ ՓՄՁ-ները՝ իրենց բիզնեսի աճի հարցերը: Եվ, ինչպես նշեցի ու կրկնեմ, որ այդպիսի վարկառուների քանակը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդրահարույց վարկառուների քանակին:
- Պայմանագրի ազատության դրույթը գործում է բոլոր կողմերի համար, իհարկե, սպառողների շահերի պաշտպանության մեր կողմից սահմանված խստագույն պահանջները հաշվի առնելով: Եթե այդ պահանջները կատարված են, ապա Կենտրոնական բանկը ուղղակի չի կարող միջամտել տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը: Եկեք հասկանանք, որ առևտրային բանկը դա ինքնուրույն բիզնես միավոր է, որը գործում է բարձր մրցակցության ու նաև բարձր ռիսկի պայմաններում: Զուգահեռ անցկացնելով այլ ձեռնարկատիրական գործունեության հետ, կարելի է ասել, որ նույն կերպ կարող ենք պահանջել, որ մթերային խանութները ճգնաժամի պայմաններում իրենց հաճախորդներին սպասարկեն պարտքով կամ կոմունալ ծառայություններ տրամադրող կազմակերպությունները սպասարկեն անվճար:
- Վերջապես, թվեր հնչեցին, մի քանի երկրների փորձը բերվեց. ՀՀ-ում վարկառուների աջակցության ծրագրերը՝ ԿՈՎԻԴ 19-ի համավարակի դեպքից ի վեր, նույնպես տպավորիչ են: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների կողմից վերանայվել է գրեթե 1 միլիոն հատ վարկային պայմանագիր: Դրանց գումարային մնացորդը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ: Վերանայված վարկերի հասցեատերերը շուրջ 550 հազար ֆիզիկական ու 17 հազար իրավաբանական անձիք են: Վարկերի նման մեծածավալ ու ընդգրկուն վերանայումը ֆինանսական կազմակերպությունների կողմից իրենց հաճախորդների նկատմամբ բարի կամքի ու գործընկերության լավագույն դրսևորումներից է, քանի որ վերանայման ծախսերը կրել են հենց ֆինանսական կազմակերպությունները: Ընդ որում` սա բիզնեսի սոցիալական պատասխանատվության բացառիկ դեպքերից է, երբ բիզնեսը աջակցել է հասարակությանը՝ առանց պետության կողմից լրացուցիչ օժանդակություն ստանալու:
Այսպիսով, երբ տեսնում ես պատկերն ամբողջությամբ, ոչ թե միայն մեկ կողմի դիտանկյունից, ակնհայտ է դառնում, որ վարկային արձակուրդները չեն կարող տևել երկար: Հավաստիացնում եմ, և պարոն Մելքումյանն էլ դրա մասին շեշտեց, որ ունենք լուրջ վերլուծական կարողություններ, որ եթե Կենտրոնական բանկի խորհուրդը, լինելով անաչառ պրոֆեսիոնալների խումբ, որոնցից երեքին արդեն իսկ նշանակել է Ազգային Ժողովը, գնահատեր, որ որևէ կերպ խաթարվել է այդ հավասարակշռությունը, ինչի մասին ես ներկայացրեցի, երբեք չի վարանի միջամտել՝ քաղաքացիների շահը պաշտպանելու համար:
Իսկ ինչ վերաբերում է վարկերի տոկոսադրույքների սահմանափակումներին և քննարկվող մարդկանց վարկային բեռի խնդրին, այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ կարող ենք անել և ինչից պետք է զերծ մնալ: Մասնավորապես՝
- Պետք է տարանջատենք բանկերի կողմից տրված վարկերը վարկային որոշ կազմակերպությունների կողմից տրամադրվող բարձր տոկոսադրույքով վարկերից, որոնց տեսակարար կշիռը շատ փոքր է ընդհանուր վարկավորման մեջ. թվերը հնչեցին: Վերջիններս վարկավորում են չափազանց ռիսկային խմբերի կամ անհատների: Դա այն վարկառուներն են, որոնք չունեն գրավ, չունեն արժանահավատ վարկային պատմություն, չունեն եկամուտի կայուն ու վստահելի աղբյուր, և չեն կարող համարվել լոմբարդային վարկեր, որովհետև լոմբարդային վարկը հենց գրավով վարկն է: Նրանցից շատերը այդ վարկերը նախընտրում են ստանալ կանխիկով և վերադարձնել կանխիկով: Այս ամենը նշանակում է, որ վարկային կազմակերպությունները սովորականից շատ ավելի բարձր ռիսկի են գնում նման վարկերի պարագայում, ինչպես նաև ավելի մեծ ծախսեր են անում այդ վարկերի տրամադրման ու սպասարկման ընթացքում: Պե՞տք է նման բիզնես գոյություն ունենա Հայաստանում, թե՞ ոչ: Այս հարցին պատասխանելու համար եկեք հասկանանք, թե ո՞րն է դրա այլընտրանքը: Մարդն ունի փողի կարիք՝ շատ շտապ ու շատ կարևոր վճարում, գնում, մուծում կատարելու համար: Եվ չունի բանկից վարկ ստանալու հնարավորություն: Եվ դիցուք՝ գոյություն չունեն վարկային այդ կազմակերպություններ: Որտե՞ղ է գնալու այդ մարդը, և մենք ունեցել ենք նման փորձ մեր երկրում, ի՞նչ իրավիճակ ենք ստանալու մենք՝ որպես հասարակություն: Պատասխանը, նաև պատմությունն է մեզ պարզ դարձնում, մենք ստանալու ենք այն, ինչ ժամանակին ունեցել ենք․կրիմինալն է մտնելու այդ հարցերի մեջ, մարդկանց տոկոսով փող են տալու, հետո մարդկանց ունեզրկելու են, ծեծելու են, ահաբեկելու են, երբեմն անգամ դա կյանքի գին է արժենալու։ Մինչդեռ այսօր վարկառուն՝ իր վրա պարտավորություն վերցնելով, ի սկզբանե տեղեկացվում է վարկավորման պայմանների մասին և մի քանի տեղ ստորագրությամբ հավաստում է դա, որ գիտակցում է, թե ինչ բեռի տակ է մտնում, և կորուստներն էլ ահռելի են վարկային կազմակերպությունների։ Այնպես չի, որ երբ չեն վճարում, այն վատ հետևանքներն են լինում, որ մենք նախկինում ունեինք:
- Արդյո՞ք ճիշտ է ինչ-որ կերպ սահմանափակումներ մտցնելը, օրինակ՝ տոկոսադրույքի սահմանափակում: Միանշանակ, կարծում ենք մենք՝ ո՛չ: Դա խեղաթյուրում է շուկան և կարող է հանգեցնել հետևյալ երկու տարբերակներից միայն մեկի: Առաջին, որ ֆինանսական հաստատությունները կդադարեցնեն վարկավորումը՝ կլինեն խուսափողական, քանի որ վարկի տոկոսադրույքն այլևս համարժեք չի լինի վարկային ռիսկին, այսինքն, չի ծածկի կորուստները, այդ վարկի գինը: Սա նշանակում է, որ հազարավոր մարդիկ այլևս չեն կարողանա անհրաժեշտության դեպքում ստանալ վարկային միջոցներ: Եվ երկրորդ, որ ֆինանսական կազմակերպությունները սկսեն թերագնահատել ռիսկը՝ կարծելով որ այն ցածր է և մտնեն ավելի ռիսկային դաշտ՝ բոլոր վտանգավոր հետևանքներով հանդերձ: Այս երկու դեպքում էլ վարկավորման աճի կտրուկ նվազում կարող ենք տեսնել: Կան նաև հետազոտություններ, որ տոկոսադրույքի սահմանափակումը ավելացնում է մարդկանց վարկային բեռը, քանի որ մարդիկ ցածր տոկոսադրույքի պարագայում էլ ավելի շատ են վարկ վերցնում: Այնպես որ, կարծում ենք նման վարչական սահմանափակումները կարող են միայն խեղաթյուրումներ առաջացնել:
- Փոխարենը մենք առաջարկում ենք պատասխանատու վարկավորման հայեցակարգը, որի հարցով տևական քննարկումներ ենք ունեցել Ազգային ժողովում՝ տարբեր շահառուների մասնակցությամբ: Արդյունքում արվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն մյուս տարվա սկզբին և կխստացնեն վարկերի տրամադրումը այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար վարկային պատմություն և եկամուտի աղբյուր՝ վարկերը սպասարկելու համար:
Ամփոփելով, երեք հարց եմ ուզում կարևորել՝
- Բոլոր ճգնաժամերի արդյունքում ֆինանսական համակարգը չունի փախուստի տեղ և մշտապես կրում է անորոշություններ ու ցնցումների գին, ինչը վճարվում է բանկերի սեփականատերերի գրպանից: Բացի այդ, և՛ սահմանադրությամբ, և՛ օրենսդրությամբ մենք չենք կարող մասնավոր սեփականատերերի վրա, բացի հարկերից ու պարտադիր պետական վճարներից, այլ ֆինանսական բեռ դնել: Հետևաբար, վարկային պարտավորությունների որևէ զիջում ունի իր ֆիսկալ՝ հարկաբյուջետային գինը և լուծումը հասարակության համաձայնության դաշտում է, որտեղ հարկատուները ունեն որոշիչ ձայնի իրավունք: Հետևաբար, «Հասարակական համերաշխությունից պատասխանատվություն շատ բարակ գիծ է», և մեզանից պահանջվում է խոհեմություն և պրոֆեսիոնալ մոտեցում՝ այն չանցնելու և հարկատուների փոխարեն որոշումներ չկայացնելու համար:
- Այսօրվա ֆինանսական կայունությունը, որն ապացուցել է իր կենսունակությունը վերջին տարիների մի քանի ճգնաժամերի արդյունքում, նորանկախ Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից է, և քաղաքական ու զգացմունքային որոշումները կարող են շատ հեշտ խաթարել այդ կայունությունը: Հեռու պետք չէ գնալ, և մեր հարևան ու տարածաշրջանի այլ երկրների վերջին տարիների զարգացումները դրա վառ ապացույցն են: Դա երիտասարդների համար, բայց մեր սերունդը պետք է որ լավ հիշի նաև անկախության առաջին տարիների բանկերի մասսայական սնանկացումները ու դրանց հետևանքները:
- Վարկերի հասանելիությունը պետք է գերիշխի այն խնդիրներին, որոնք մենք այսօր քննարկում ենք՝ «շատ թե քիչ» հարցը չի, այլ վարկերի հասանելիության, քանի որ հետևանքները նույնպես կարող են լինել անդառնալի: Նույնպես դժվար չէ հիշել, որ ոչ վաղ անցյալում, վարկերի հասանելիությունը շատ ցածր էր և հասարակության մեջ կար զգալի դժգոհություն առ այն, որ մարդիկ չեն կարողանում վարկեր վերցնել, և դա միայն վերնախավին է հասու: Իսկ խնդիրները պետք է լուծել նորմատիվային դաշտի կարգավորումների օգնությամբ, և ոչ թե տոկոսադրույքները սահմանափակելու կամ շուկայական մեխանիզմները խաթարելու միջոցով: