Իգդիրում բնակվող ադրբեջանցիները հեծանվային բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի
Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։
Բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը»։
Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։
Իգդիրում հիշյալ ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Հայաստանին պետք է «համարժեք պատասխան տալ» և, կրկնելով Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները, ասել է, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են և Ադրբեջանը միայնակ չէ»։
Աղբյուրը՝ Ermenihaber.am