Մարտի 1-ի մեղավորները փորձում են իրենց մեղքը բարդել Ռ. Քոչարյանի վրա. փաստաբանի ծավալուն անդրադարձը
Հունիսի 18-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց՝ կիրառելով 2 մլրդ դրամ գրավը: Դեռ մայիսի 8-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ընթացքում Ռ. Քոչարյանի պաշտպանները միջնորդություններ էին ներկայացրել իրենց պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու, նրա խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու, նրան Արցախի և ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշախավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։ ՀՀ երկրորդ նախագահի պատշաճ վարքագիծն ազատության մեջ երաշխավորել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանն ու Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։ Գրավի միջնորդության մեջ, ի թիվս այլնի, պաշտպանները նշել էին Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածման հանգամանքը, ընդգծել, որ Քոչարյանը 66 տարեկան է, ունի հիվանդություններ և կալանավայրում նրա գտնվելը ռիսկային է։ Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժել էր պաշտպանների միջնորդությունները, և երկրորդ նախագահի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչն էլ բավարարվեց դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած որոշմամբ:
Մի քանի բարերարների, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների փոխանցումների միջոցով գրավն ամբողջությամբ հնարավոր եղավ մուծել, և այսօր Ռ. Քոչարյանը տանը շարունակում է վերականգնել իր առողջությունը վերջերս արված վիրահատությունից հետո: Այդ դատական նիստի, դատավորի կայացրած որոշման և գրավի աննախադեպ չափի, Մարտի 1-ի դեպքերով հարուցված քրեական գործի զարգացումների մասին Yerkir.am-ը զրուցել է փաստաբան, Ռ. Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ:
-Պարոն Ալումյան, վերջին դատական նիստի ժամանակ ակնհայտ էր, որ Արսեն Նիկողոսյանը հակված չէ կանխակալ որոշում կայացնելու, քանի որ, ի տարբերություն այլ դատավորների նախագահությամբ անցկացված դատական նիստերի, այդ անգամ դատավորը հնարավորություն տվեց ձեր փաստաբանական խմբին ևս լիարժեքորեն արտահայտելու դիրքորոշումները: Դատավորի նման վարքագծից դատելով կարելի՞ էր օբյեկտիվ որոշման սպասել:
-Իհարկե, չի կարելի որևէ զուգահեռ անցկացնել պարոն Նիկողոսյանի նախագահությամբ դատական նիստի և, օրինակ, նույն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ նիստի միջև: Արմեն Դանիելյանն անգամ մի բառ չցանկացավ լսել պաշտպանական կողմի ելույթից, իսկ Արսեն Նիկողոսյանը համբերատար, հետաքրքրված լսեց բոլոր կողմերին: Եվ նա ամենևին քաղաքավարությունից դրդված չէ, որ լսում էր բոլորին, այլ հետևություններ էր անում, ընթացքում հարցեր տալիս, վերջում հրապարակված դատական ակտից պարզ դարձավ, որ նա իրոք ցանկանում էր բոլոր կողմերի բոլոր փաստարկները խորությամբ ընկալել: Արդյունքում ունեցանք ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու մասին դատավորի որոշումը, որը կանխակալ չէր: Դատավորի գործոնն այս հարցում չափազանց մեծ դեր խաղաց, սակայն այնպես չէ, որ այդ որոշումը բացարձակ մեր օգտին է: Եթե պարոն Նիկողոսյանը չկանխատեսեր, թե ինչպիսի ճնշումների կարող է ենթարկվել այս գործի հետ կապված ոչ իշխանահաճո որոշում կայացնելով, ապա կարծում եմ, որ նա ընդհանրապես խափանման միջոց չէր կիրառի: Ոչ թե գրավ կկիրառեր և այն էլ այնքան բարձր գին սահմանելով, այլ ընդհանրապես որևէ խափանման միջոց չէր կիրառի Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար, քանի որ դրա համար հիմք չկա, և Արսեն Նիկողոսյանն էլ, որպես արհեստավարժ, գիտակ դատավոր, չի կարող այդ մասին չիմանալ: Դա իմ անձնական համոզմունքն է. պարոն Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորների հանդեպ կիրառված բարոյական, իրավական ճնշումները հաստատապես որոշակի չափով իրենց ազդեցությունն են ունեցել Արսեն Նիկողոսյանի կայացրած որոշման վրա՝ ի վնաս մեզ:
-Ձեր կարծիքով գրավի ինչու նման աննախադեպ մեծ չափ սահմանվեց՝ 2 մլրդ դրամ, որը փաստացի օրենքի խախտում էլ չէ, քանի որ օրենքը գրավի գումարի վերին շեմը չի սահմանափակում: Ինչպես է հիմնավորվել գրավի այդ չափը: Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը ևս անդրադարձել էր դրան՝ նշելով, որ այն աննախադեպ մեծ գումար է և Հայաստանում երբևէ չի կիրառվելայդպիսի գրավի չափ: Նրա դիտարկմամբ՝ նման չափի գրավի սահմանումը կարող է հարցականի տակ դնել յուրաքանչյուր մեկի ազատ արձակվելու հնարավորությունը և ստիպել հրաժարվել գրավի վճարումից՝ համարելով այն դատարանի կողմից կայացված գործնականում անիրականանալի որոշում։ Հատկապես, որ գումարը վճարելու համար օրենքով կարճ ժամանակ էր սահմանված՝ ընդամենը երկու օր։
-Թե ինչ կերպ է Արսեն Նիկողոսյանը գրավի գումարի չափը պատճառաբանել, իսկ գրավի չափը պարտադիր պատճառաբանման ենթակա հանգամանք է, մենք դեռ չգիտենք, քանի որ դատական որոշումն ամբողջությամբ չենք ստացել: Երբ ստանանք, կուսումնասիրենք, և մեզ մոտ առաջացած այլ հարցերի հետ նաև այս հարցի պատասխանը կգտնենք:
- Ավելի վաղ Ռ. Քոչարյանի գրասենյակից հայտարարել էին և նրա որդին ևս մամուլին տված հարցազրույցում հավաստիացրել էր, որ երկրորդ նախագահի ընտանիքն այդ գումարը չունի, բացի դա՝ նրանց ունեցվածքի վրա կալանք է դրված, իսկ ունեցվածքը գնահատվում է մինչև 700 մլն դրամ: Մինչդեռ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես նաև Արսեն Նիկողոսյանը դեռ մեկ տարի առաջ անօրինական են ճանաչել կալանքի կիրառումը և այդ խախտումը վերացնելու վերաբերյալ ակտը ուժի մեջ է մտել, սակայն մինչև օրս չի կիրառվել: Ինչո՞ւ: Ի վերջո դա հնարավորություն կտար գոնե մասնակի գրավի խնդիրը լուծել:
-Շատ բաներ չեն արվում, որոնք պետք է արվեին և շատ բաներ են արվում, որոնք անօրինական են, իրավունք չկա անելու: Այն, ինչ տեղի է ունենում պարոն Քոչարյանի հետ մարտի 1-ի դեպքերի հետ կապված, գլխիվայր շուռ տված արդարադատություն է: Այսօրվա վարչապետը կամայականորեն որոշել է, որ մարտի 1-ի իրադարձությունների համար ամբողջ պատասխանավությունը պետք է դրվի պարոն Քոչարյանի վրա, դրանից հետո հանձնարարականն իջեցվել է, դրան համապատասխան ընտրվել է հոդված, որով նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, և դրանից հետո ապացույցները սկսել են հարմարացվել այդ հոդվածին: Եվ այսօր Մարտի 1-ի մեղավորները փորձում են իրենց մեղքը բարդել Ռոբերտ Քոչարյանի վրա՝ չգիտես իրավաբանորեն մաքրվելո՞ւ, թե ներքուստ՝ իրենք իրենց առջև այդ խարանից ազատվելու համար: 2018 թվականի օգոստոսի 17-ին, երբ դեռ շատերն էին վստահում վարչապետի խոսքերին, նա հայտարարեց, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է՝ իմանալով, որ տասը սպանություններից որևէ մեկը չի բացահայտվել: Սա նշանակում է, որ վարչապետի համար այդ ժամանակվա իրադարձությունների բացահայտումն ամենևին չի կապվում սպանվածների մահվան հանգամանքները, նրանց սպանողներին պարզելու հետ: Նիկոլ Փաշինյանի համար Մարտի 1-ի գործը սկսվում և ավարտվում է Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով, նրան կալանավորելով ու զրկանքների ենթարկելով:
Այնպես որ, նման պայմաններում զարմանալ պետք չէ ցանկացած գործընթացներից՝ դատարանների որոշումները կյանքի չկոչելուց, շինծու հանգամանքներ երևան բերելուց և այլն:
-Պաշտպանական խմբի փաստաբանները, այդ թվում դուք հայտել եք, որ դատարանի որոշումը հնարավոր է բողոքարկեք. բողոքարկման ենթակա է թե' կալանքը գրավով փոխարինելու որոշումը, թե' գրավի աննախադեպ չափը: Դուք հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ առհասարակ պարոն Քոչարյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց չպետք է կիրառվի: Եվ առաջին ատյանի դատարանում միջնորդություններից մեկն էլ հենց այդպես էր ներկայացված`առանց որևէ խափանման միջոցի կիրառման ազատ արձակել պարոն Քոչարյանին: Նշել եք նաև՝ եթե անգամ Վերաքննիչ դատարանը ռիսկեր է տեսել առանց որևէ խափանման միջոցի կիրառման երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշում կայացնելու մեջ, ապա վիճելի է, թե ինչու չորս նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշում չի կայացվել, այլ ընտրվել է գրավի տարբերակը: Դեռևս մտադի՞ր եք այդ հիմքերով վճռաբեկ բողոք ներկայացնել:
-Միանշանակ: Բողոքի առաջին դրույթը լինելու է խափանման միջոցի կիրառման վերաբերյալ: Դեռևս 2018 թվականի օգոստոսի 13-ին, երբ դեռ գործի նախաքննությունն էր ընթանում, և երբ քննությանը խոչընդոտելու ռիսկերն առավել մեծ էին, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց քրեական վերաքննիչ դատարանի կողմից՝ առանց խափանման որևէ միջոցի կիրառման, և այդ պայմաններում որևէ մտավախություն, բացասական կանխատեսում չարդարացավ, թե պարոն Քոչարյանը կարող է փորձել խոչընդոտել քննությանը: Նման որևէ փաստ գոյություն չունի: Կյանքը ցույց տվեց, որ բոլոր նման մտավախություններն անհիմն են: Այս փորձն ունենալով հանդերձ և արդեն գործի քննության այն փուլում, երբ մեղադրանքի բոլոր ապացույցները հավաքվել են և գործն ուղարկվել է դատարան, նման մտավախություններ հայտնելը իրականում մանուպուլյացիա է: Մեղադրող կողմը այդ մտավախությունը խաղում է ինչպես թատրոնում, որպեսզի այդկերպ, այդ պատրվակով դատարաններին ստիպի խափանման միջոց կիրառել, այն էլ կալանք, և Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահել:
-Մտավախություններից մեկն էլ այն է, որ պարոն Քոչարյանը կարող է հեռանալ Հայաստանից՝ խուսափելով արդարադատությունից, քրեական պատասխանատվությունից: Օրինակներ ունենք, նախկին մի շարք պաշտոնյաներ մեզ համար անհայտ հանգամանքներում այսօր Հայաստանում չեն, այն դեպքում, երբ իրենց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել: Եվ անընդհատ նրանց օրինակներն են նշվում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջի ժամանակ:
- Պարոն Քոչարյանն արտերկրում էր, երբ դեռ 2018 թվականին ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մարտի 1-ի դեպքերի հետ կապված մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Դրանում հղումներ կային Սահմանադրության հոդվածին, որը նախագահի լիազորություններին է վերաբերում: Ակնհայտ էր, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեջ նկատի էր առնվել նաև երկրորդ նախագահը:Այնուհետև նախագահի տուն ծանուցագիր է ուղարկվում, որով նա հրավիրվում է քննչական մարմին, ճիշտ է, որպես վկա, սակայն ակնհայտ էր, որ նրա հանդեպ ևս հետապնդում է իրականացվելու, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանը թե մինչև իշխանության գալը, թե իշխանության գալուց հետո պատեհ, անպատեհ առիթներով հայտարարում էր՝ Մարտի 1-ի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Ամեն ինչ ավելի քան պարզ էր, և պարոն Քոչարյանն ընտրության հնարավորություն ուներ՝ գալ Հայաստան և ներկայանալ քննությանը կամ մնալ արտերկրում: Նա որոշում կայացրեց վերադառնալ: Հիշենք, օգոստոսի 13-ին նույնպես ազատ արձակվելով առանց որևէ խափանման միջոցի, ինչն իրեն թույլ էր տալիս նույն օրը նստել օդանավ ու հեռանալ Հայաստանից, նրան արդեն անգամ մեղադրանք էր առաջադրված, նա հեռանալու փորձ անգամ չարեց: Այսպիսի վարք դրսևորած անձի մասին մտածել, թե նա կարող է թաքնվել քննությունից, անհեթեթություն է, ինչն անգամ դատավոր Դանիբեկյանն է հասկացել. նա իր որոշման մեջ ընդգծել է, որ մեղադրող կողմի մտահոգությունները, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել արդարադատությունից, անհիմն են և անընդունելի:
-Ուրեմն ի՞նչ միտում եք տեսնում գործի քննության ամբողջ ժամանակահատվածում, իսկ թե դա որքան կձգվի՝ անհայտ է, ՀՀ երկրորդ նախագահին պահել կալանքի տակ:
-Երկու փաստ իրար կողք դնելու դեպքում ամեն ինչ պարզ է դառնում: Նախ՝ առանց իրական մտավախությունների, որ պարոն Քոչարյանը կարող է խոչընդոտել արդար քննությանը կամ խուսափել դրանից, տպավորություն են փորձում ստեղծել, թե դրա հավանականությունը մեծ է և այդ հիմքով մեր պաշտպանյալին պահում են կալանքի տակ: Երկրորդը՝ քրեական գործով այնքան մեծաթիվ մարդկանց են նախատեսում հրավիրել դատարան, որ ի սկզբանե պարզ է՝ այդքան մարդու դատարանում հարցաքննելու դեպքում դատավարությունը առնվազն հինգ տարի կձգվի: Այսինքն՝ ակնհայտ է, որ նպատակ կա նրան պահել կալանքի տակ և գործն այնքան ձգել, մինչև գոնե հինգ տարի անցնի՝ առանց մեղադրական դատավճռի: Երկու տարին արդեն այդպես անցել է՝ կալանքում:
Ովքեր այս գործին ծանոթ են, հասկանում են, որ անբնական կլինի դրանով մեղադրական դատավճիռ կայացնել: Համոզված եմ, սա հասկացել է թե դատախազը, թե վարչապետը, որը իրեն թիվ մեկ շահառուն է համարում այս գործով: Իսկ եթե այս գործով մեղադրական վճռի հասնելն անիրատեսական է, ինչպես վարչապետին դեռ 2018 թվականին տարբեր տեղերից տեղեկացնում էին՝ ասելով, թե այս գործը ջուր է, ապա նա պետք է փորձի այլ հնարքներով վրեժն այնուամենայնիվ լուծել: Պարզ տարբերակ է նրան կալանավորել և 880 վկա դատակոչել. թող գան ու հինգ տարի ցուցմունք տան, և այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Քարի դարի մուրճի նման պարզունակ տեխնոլոգիա է կիրառվում:
-Վերադառնանք դատավոր Արսեն Նիկողոսյանի կայացրած որոշմանը, ավելի ճիշտ այդ որոշման պատճառով նրա նկատմամբ սկսված արշավին, որի նախաձեռնողը, հեղինակը ՀԽ նախագահն էր: Ս. Սաֆարյանի հասցեին միայն ՄԻՊ Արման Թաթոյանը կոշտ հայտարարություն արեց, բայց փաստացի այդ մարդը, որը տևական ժամանակ է իր պաշտոնը ծառայեցնում է երկրում ատելություն սերմանելուն, իրավական պատասխանատվություն չկրեց իր արաքի համար, թեև դատավորը դիմել էր ԲԴԽ: Մինչդեռ դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում մոտեցած երիտասարդների դեմ քրեական գործ հարուցվեց:
-ԲԴԽ-ն օրենքով գործիքներ չունի դատավորներին պաշտպանելու համար, թեև լավ գործիքակազմ ունի դատավորին պատժելու համար: Բայց կառույցի գործառույթն է ոչ միայն դատավորներին պատժելը, այլև նրանց պաշտպանելը: Գործառույթը կա, գործիքակազմը չկա: ՄԻՊ-ն էլ գործիքակազմ չունի: Համարվում է, որ այս կառույցների խոսքն այնքան հեղինակավոր պետք է լինի, որ շարժիչ ուժ դառնա և իրավասու, ուժային լծակներ ունեցող կառույցներին գործի մղի: Բայց ԲԴԽ-ն թե հիմա, թե նախկինում առանձնապես հեղինակություն չի ունեցել և չունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Վարչապետը ևս դրանում իր ազդեցիկ դերակատարումն ունեցավ, երբ իր ելույթներում հայտարարում էր վնգստացող դատավորների մասին և նման հայտարարություններ անում, պիտակավորում դատական համակարգի ներկայացուցիչներին: Եվ երբ ԲԴԽ-ն չհամարձակվեց հակադարձել վարչապետին, անգամ ԲԴԽ նախագահը փորձեց վարչապետի փաստաբանի կարգավիճակում ներկայանալ, ինքն էլ իր հերթին հեղինակազրկեց թե իրեն, թե իր ղեկավարած կառույցը:
Բայց երբ որ պետք է իրենց սրտի դատավորներին պաշտպանել, օրենքով նախատեսվածից մի քանի անգամ ավել պաշտպանություն են տրամադրում: Այդ երիտասարդներն ի՞նչ էին արել՝ ընդամենը մոտեցել էին Աննա Դանիբեկյանին և հարցրել, թե վարչապետի հիշատակած վնգստացող դատավորն արդյոք ի՞նքը չէ: Նրանց դրա համար կալանավորեցին, քրեական գործ հարուցեցին: Իսկ այս դեպքում որևէ արձագանք չկա: Ամենակեղտոտ եղանակներով ճնշումներ են գործադրվում ոչ սրտի դատավորների նկատմամբ:
-Դատախազությունը հայտնել է, որ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու է վճռաբեկ դատարանում: Կգնա՞ նման քայլի՝ արդեն որերորդ անգամ:
-Դեռևս չեն դիմել, և չեմ կարող ասել՝ կբողոքարկվի՞ վերաքննիչ դատարանի որոշումը և այդ դեպքում հաջորդ ատյանում ինչ որոշում կկայացվի: Սպասենք զարգացումներին: