Վրաստանի շրջաններում երթևեկությունը կթույլատրվի որոշակի ժամերի
Թեև Վրաստանի կառավարության որոշման համաձայն երկրում մեքենաների տեղաշարժի սահմանափակումը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը, այնուամենայնիվ, Վրաստանի շրջաններում տրանսպորտային միջոցների տեղաշարժի որոշակի փոփոխություն կա: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
«Վրաստանի բոլոր շրջանների ֆերմերներին (փոքր, միջին, մեծ) կթույլատրվի առավոտյան 06:00-08:00-ն և 18:00-19:00-ն իրականացնել տեղաշարժ», — հայտարարել է Վրաստանի ֆերմերների ասոցիացիայի նախագահ Նինո Զամբախիձեն՝ հավելելով, որ Թբիլիսիի արվարձաններում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար տեղաշարժի թույլտվությունը պետք է ստանալ 144 թեժ գծի միջոցով:
Հիշեցնենք՝ վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին հայտարարել էր, որ մեքենաների տեղաշարժի արգելքը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը:
«Սա չի վերաբերում բժշկական, առաքման ծառայությունների, ինչպես նաև տնտեսական գործունեություն իրականացնողներին, — ասել է Չիքովանին:
Zham.am