Սիրիայում թուրքական զինուժը կրկին կենդանի ուժի կորուստներ ունի
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 26-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է սպանվել, 2 հոգի էլ վիրավորվել են: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Բաշար ալ-Ասադի ուժերի հենակետերին:
Թուրքական բանակի ձեռքն է անցել նաև Սիրիայի բանակին պատկանող 3 տանկ:
Ըստ թուրքական տարբեր աղբյուրներում շրջանառվող լուրերի` իդլիբյան բախումների հետևանքով Սիրիայի կառավարական ուժերի 114 զինվոր է զոհվել:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Սիրիայի Իդլիբ նահանգն ահաբեկչական խմբավորումներից մաքրելու նպատակով Սիրիայի կառավարական ուժերը նահանգում ռազմական գործողություններ են իրականացնում:
Այդ գործողությունների ընթացքում Իդլիբում գրանցվում են բախումներ նաև այնտեղ գտնվող թուրքական ուժերի ու կառավարական բանակի ուժերի միջև: