«Մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք». Աննա Հակոբյան
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ:
-Տիկին Հակոբյան, տարին մոտենում է ավարտին, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն էր այն «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար: Ի՞նչ արդյունքներ կառանձնացնեք:
-Տարին շատ հագեցած էր, իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ մի շարք ուղղություններով: «Իմ քայլը» հիմնադրամում տարվա կտրվածքով եղել է 3 մլն 425 հազար դոլարի շրջանառություն: Ստեղծման օրվանից մինչև այսօր հիմնադրամն ունեցել է 5 մլն դոլարի շրջանառություն: Դա համարում եմ մեծ արդյունք բոլորովին նոր ստեղծված հիմնադրամի համար: Կարևոր ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել կրթաթոշակի ծրագիրը: Այս տարի մենք մեծ աշխատանք տարանք վերհանելու այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի համար կարևոր են, աշխատաշուկայում պահանջարկ ունեն: Քննարկումներ ունեցանք գործատուների հետ, սահմանեցինք մեր չափանիշները և բավական աշխատանք տանելուց հետո, ի վերջո, 54 անհատի տրամադրեցինք կրթաթոշակ արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու համար:
Իրականացված ծրագրերից կառանձնացնեմ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով «Սիլք Նոութ» փառատոնի անցկացումը, որը հյուրընկալեց համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների՝ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiroquai» խմբին, հայտնի կիթառահար Ալ Դի Մեոլային, «Parov Stelar» բենդին: Այն մեծ իրադարձություն էր Երևանում, բավական շատ դրական արձագանք եղավ, բազմաթիվ շնորհակալական խոսքեր հնչեցին: Մենք սա կարևորում ենք մշակութային, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:
Կազմակերպվեց նաեւ «Ուրվական» փառատոնը, և կրկին դրական արձագանքներ եղան: Այն բավական հաջող անցավ, նոր շունչ բերեց քաղաքին: Փառատոնն ուղղված էր էլեկտրոնային երաժշտության սիրահարներին, երիտասարդներին, որոնք կրկին շատ շնորհակալ էին, որ նման միջոցառում անցկացվեց: Մենք պատրաստվում ենք այս փառատոնները դարձնել ամենամյա: Դրանցից բացի, տարվա ընթացքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք ֆինանսավորել, տարին իսկապես հագեցած է եղել: Շարունակել ենք աղքատության հաղթահարման ծրագիրը, և պետք է նշեմ, որ շահառու ընտանիքների թիվն ավելացել է: Շարունակվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրված ֆինանսավորումը:
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությամբ տարվա ընթացքում 260 երեխայի և երիտասարդի բուժման ամբողջական ծախսերը հոգացել ենք, և դա թիվ մեկ ձեռքբերումն է մեզ համար: Աջակցության շղթան ամբողջական է՝ բուժում, դեղորայք, հոգեբանական ծառայություն, օրը 4 անգամյա սնունդ, բժիշկների վերապատրաստում: Ակտիվ ենք եղել երեխաների համար միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Դրանք ուրախացնում են, ինտեգրում են, հասարակության մեջ այդ երեխաների նկատմամբ վերաբերմունքն են փոխում: Հասել ենք նրան, որ շատերն իրենք են դիմում մեզ, որ որևէ ձևով երեխաներին ոգևորող նախաձեռնությամբ հանդես գան: Այս առաքելության մեջ մենակ չենք:
Ունենք ձեռքբերում բժիշկների վերապատրաստման, միջազգային կապերի ընդլայնման առումով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է Հայաստանում մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակման ու ներդրման ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ներգրավվել են նաև արտասահմանյան հայտնի փորձագետներ: Ծրագրի արդյունքում կունենանք ուղեցույցներ, որոնք կներառեն համապարփակ ինֆորմացիա՝ ախտորոշումից մինչև բուժում և հետագա հսկողություն, կիրառելի ինչպես բուժանձնակազմի բոլոր օղակների, այնպես էլ ընտանիքի անդամների համար։
Բոլորովին վերջերս նաև մեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում քաղցկեղ ունեցող երեխաներին տեղադրվում են երկարատև կրման կենտրոնական երակային մուտքի սարք՝ քիմիաթերապիա ստանալու համար։ Սա բուժման ավելի ժամանակակից մոտեցում է, որը թույլ է տալիս չվնասել երեխաների ծայրամասային երակները և ուղղակի անընդհատ չծակել նրանց դեղորայք ներարկելու համար։ Մեկ խոսքով, ընդհանուր առմամբ, գոհ եմ երկու հիմնադրամների աշխատանքներից:
-Դուք հաճախ ճանապարհորդում եք, ծանոթանում եք այլ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացին, փորձին: Ըստ ձեզ՝ ի՞նչն է պակասում մեր երկրում, ի՞նչ եք ձգտում կամ պլանավորում մեզ մոտ ավելացնել:
-Մենք աշխատում ենք բացերը լրացնելու ուղղությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած վերաբերմունքից, ավարտած ֆինանսական, տեխնիկական, շենքային խնդիրներով: Օրինակ, մենք չունենք հյուրատներ, որ այդ երեխաների ընտանիքներին կարողանանք տեղավորել: Ես ուր այցելել եմ, մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների համար նախատեսված բժշկական հաստատություններն ունեցել են հյուրատներ: Դա պարտադիր օղակ է: Երեխաները երկրի տարբեր հատվածներից են գալիս, ընտանիքների համար պետք է մնալու տեղ լինի: Այն ուղղված է այդ ընտանիքի ամբողջականությունը պահելուն, տնային պայմաններ ստեղծելուն: Մեր հիվանդանոցը շատ լավ վիճակում է, սակայն միևնույն է հիվանդանոցային պայմաններ են, հետևաբար՝ ձգտում ենք ունենալ հյուրատուն, որպեսզի երեխաների ծնողները, ընտանիքը տեղավորվի: Նախատեսում ենք մյուս տարի սկսել հյուրատան նախագծային աշխատանքները, որից հետո արդեն կկարողանանք նախաձեռնել դրամահավաքներ հստակ այդ ծրագրի համար, քանի որ այն լինելու է բավական թանկ և մեծ նախագիծ: Դրանից բացի, շուտով կսկսենք մանկական քաղցկեղի պալիատիվ բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Կարծես բոլոր նախապատրաստական փուլերը ավարտվել են, և այժմ արդեն շինարարի հետ պայմանագրային փուլում ենք: Այսինքն՝ աշխատում ենք բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ և՛ բժիշկների վերապատրաստում, և՛ պայմանների բարելավում, և՛ ինտեգրում: Ես շատ եմ կարևորում հետագա փուլում կանխարգելման ծրագրերի իրականացումը: Դեռ չենք կարողանում մտնել այդ դաշտ, որովհետև այս փուլում անելիքները շատ են: Մենք հույս ունենք, որ պետության հետ մեր ջանքերը միավորելով, կկարողանանք ավելի լավ արդյունքի հասնել:
-Մենք ունենք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման բազմաթիվ հաջողված դեպքեր, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նման խնդրի առաջ կանգնած ընտանիքները ձգտում են երեխային դուրս տանել երկրից: Ըստ ձեզ՝ այդ անվստահությունը մեր բժշկության հանդեպ որտեղի՞ց է գալիս և ի՞նչ անելիքներ կան:
-Անվստահության համար բազմաթիվ պատճառներ կան, կա նաև ավանդույթ, կամ այսպես ասած՝ սովորություն: Ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, ակտիվացնում ենք միջազգային կապերը, ոլորտի լավագույն մասնագետների հետ շփումները: Իհարկե, մեր բժիշկները մինչև այդ էլ լավ կապեր ունեին, սակայն իմ այցելությունների արդյունքում այդ կապերն ավելի ամրապնդվել են, ավելի ինստիտուցիոնալ են դարձել: Մեր բժիշկներն առանձնակի դժվար դեպքերի պարագայում կապ են հաստատում դրսի մասնագետների հետ: Ես փորձում եմ պայմանավորվածություն ձեռք բերել, որ այն դեպքերում, երբ Հայաստանում բուժումը հնարավոր չէ, սակայն, օրինակ, Գերմանիայում հնարավոր է, ամենամատչելի հնարավորություններով կարողանանք փոխադրել երեխային այնտեղ: Այնպես որ, սերտ համագործակցություն կա, ինչը որոշ դեպքերում նվազեցնում է այդ անվստահությունը:
-Տիկին Հակոբյան, 2018 թվականին դուք սկիզբը դրեցիք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: Երբ հետ հայացքով նայում եք արված աշխատանքին, արձագանքներին, զարգացումներին, արդյո՞ք արդարացվեցին ձեր սպասելիքները:
-Նման նախաձեռնությամբ հանդես գալը հոգուց և սրտից էր բխում, մի բան, որ պարտավոր ես անել: Եթե հիմա հարցնեիք, կսկսեի արդյոք այդ արշավը, միանշանակ կասեի այո, դա կանեի՝ առանց որևէ բանի մասին մտածելու, որովհետև համարում եմ, որ դա իմ պարտքն էր: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա ասեմ, որ դրանք շատ տարբեր էին ու հետաքրքիր: Նախ` դրական արձագանքները գերակշռում են Հայաստանում, և երկրից դուրս՝ միջազգային հարթակներում: Մոտ 95 տոկոս դրական արձագանք է եղել: Ուզում եմ հատուկ առանձնացնել նաև իրենց որդիներին պատերազմական գործողությունների ժամանակ կորցրած մայրերի արձագանքը, որը նույնպես դրական էր: Որդեկորույս մայրն ասում է, թող ուրիշի որդին նույն ճակատագրին չարժանանա: Ինձ համար դա թիվ մեկ հիմնավորումն է, որ ես ճիշտ ուղղությամբ եմ գնացել: Նախաձեռնության վերաբերյալ բացասական գնահատականների մասնաբաժինը, թերևս, հինգ տոկոսի սահմաններում է: Այդտեղ ես կներառեի Ադրբեջանից հնչող արձագանքները, ինչպես նաև Հայաստանում տարբեր քաղաքական դրդապատճառներով հնչեցրած հայտարարությունները, որոնք շատ դեպքերում հարյուր տոկոսով համընկնում են:
-Դուք նշել էիք, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Նույնիսկ խոսել էիք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ մտադրություն ունենալով հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի:
-Այո, իմ մտքերը այդ ժամանակ կիսեցի «Ավրորա» ֆորումի շրջանակում խաղաղությանը նվիրված հանդիպման ժամանակ: Իսկապես, նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, այս մոտեցումը համամարդկային է:
-Անդրադառնանք Մեհրիբան Ալիևային ուղղված ձեր հրավերին՝ այցելել Արցախ: Ի՞նչը նման հայտարարության համար շարժառիթ հանդիսացավ և, ի՞նչ եք կարծում, արդյոք, կարևոր ուղերձները լայն հասարակությանը տեղ հասավ:
- Շարժառիթը Ադրբեջանի առաջին տիկնոջ ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ ինձ ուղղված հարցն էր: Ինձ թվում է, այդ առաջարկի, հրավերի շուրջ մեր հանրության վերաբերմունքը, գնահատականները կրկին վերը նշած համամասնությամբ է: 95 տոկոս դրական արձագանք, 5 տոկոս՝ բացասական, այն էլ՝ բացառապես նախկին իշխանությունների մերձավորների եւ նրանց հետ կապ ունեցող անձանց կողմից, ովքեր իրենց բացասական կարծիքը հիմնավորելու համար կամ խեղաթյուրում են իմ խոսքը, կամ կոնտեքստից կտրում:
-Տիկին Հակոբյան, տարվա ընթացքում դուք և ձեր ընտանիքը ուշադրության, ես կասեի, գերուշադրության կենտրոնում էիք, ինչն ուղեկցվում էր բազմաթիվ քննադատություններով: Ըստ ձեզ՝ հիմնական պատճառը ո՞րն է և ինչպե՞ս եք վերաբերում դրանց:
-Կարծում եմ, որ բոլոր իշխանությունների դեպքում, բոլոր ղեկավարների ընտանիքները լինում են գերուշադրության կենտրոնում, և դա նորմալ եմ համարում: Ինձ թվում է բոլոր երկրների ղեկավարների կանայք են ուշադրության կենտրոնում, երբ ամեն մի քայլին, ամեն մի բառին հետևում են: Քննադատություն էլ կա, սակայն սեր, գնահատանք, ջերմ խոսքեր եւ բարեմաղթանքներ շատ ավելի շատ կան: Նորմալ երեւույթ է այդ ուշադրությունը: Կարեւորն այն է, որ կարողանանք երբեւէ չհիասթափեցնել մեզ սիրողներին, մեզ համար աղոթողներին:
-Արդյո՞ք այս իրավիճակն ինչ-որ ձևով կաշկանդում է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին:
-Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ոչ մեր երեխաները, ոչ իմ ամուսինը, ոչ ես: Երբ ժամանակ ենք ունենում անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրեր, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված՝ վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.):
-Եղե՞լ են ձեզ ուղղված քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են:
-Շատ-շատ են եղել, երբ ոչ թե զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը պատկերացնել:
-Տիկին Հակոբյան ձեզ նաև քննադատում են հաճախակի ճանապարհորդելու համար: Իսկապե՞ս դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք:
-Եթե այդ անհրաժեշտությունը չլիներ, ես ոչ մի տեղ չէի գնա, որովհետև առաջին հերթին դա ինձ համար է դժվար: Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին: Այնքան հագեցած է Հայաստանում իմ աշխատանքային գրաֆիկը, որ ճանապարհորդությունները ժամանակ են խլում, կուտակում են ծրագրված գործերը: Օրինակ, վերջին իմ մարզային այցելությունները… Դրանք ամիսներ շարունակ պլանավորում էինք, սակայն չէին ստացվում, այդ իսկ պատճառով հետաձգվեցին նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ: Հավատացեք, եթե այդ այցերը կարևոր չլինեին, ես այդ հաճախականությամբ չէի ճանապարհորդի: Երբ ես հրավեր եմ ունենում, անպայման համապատասխան գերատեսչությունից խնդրում եմ տալ կարծիք՝ արժե գնալ, թե ոչ: Տարբեր այցերից սպասումները, ակնկալիքները տարբեր են: Օրինակ, Իսլանդիա այցելությունը. մասնակցել եմ «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին մասնակցում էի ամուսնուս հորդորով և հանձնարարությամբ, որի նպատակը հաջորդ տարի ֆորումը Հայաստանում անցկացնելն էր։ Աշխարհի 80 երկրից հեղինակավոր և ազդեցիկ կանայք են մասնակցում: Եվ որպեսզի ֆորումը բերենք Հայաստան, պետք է գնալ, ծանոթանալ, ներկայացնել, խոսել: Այդքան հեղինակավոր կանանց մեր երկրում հյուրընկալելը շատ կարևոր է:
Մանրամասները՝ Armenpress.am-ում: