Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը
Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ:
Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ցավով տեղեկացանք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն») ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում»:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին:
«Տարածաշրջանում գործող և բոլոր սիրիացիներին, այդ թվում նաև քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ և PYD/YPG/PKK ահաբեկչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ:
Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»:
ermenihaber.am