«Երբ մարտի էին գնում ոչ միայն ծերունիները» մաս 41 կամ «Հայու գենը» ու «Արյան կանչը»
Շուշվա ազատագրման գործողությանը մեր ջոկատում որոշակի թիվ էին կազմում նաև սփյուռքահայերը: Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արված հայտարարությունը այն մասին թե Արցախյան պատերազմին ընդամենը 12 սփյուռքահայ են մասնակցել իրադարձություններից անտեղյակության կամ միտումնավոր խեղաթյուրման հետևանք են:
Սփյուռքահայերի որպես կամավորական մասնակցությունը Արցախյան պատերազմին շատ հետաքրքիր երևույթ է և թեև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այն շատ մեծաքանակ չեղավ, բայց եղավ ճիշտ ժամանակին, տեղին ու որակով :
Մարդը ծնվել է Բեյրութում, Թեհրանում, Սպահանում, Բոստոնում ... ապրում է Տորոնտոյում, Մոնրեալում, Հալեպում, Լոսում...
և որոշում է գալ մարտնչել մի երկրի համար, որը թեև համարում է իր հայրենիքը, բայց ոչ ինքը, ոչ իր հայրն ու մայրը գուցէ նաև պապն ու տատը ոչ միայն չեն ծնվել այնտեղ այլ գուցէև չեն էլ եղել: Սրան ուզում եք «հայու գեն» ասեք, ուզում եք «արյան կանչ», «գաղափարի ուժ» ասեք, ինչ ուզում եք ասեք, բայց ինքը «ռացիոնալ» մտածողությունից դուրս է:
Ու այսպիսի մի «իռացիոնալ» տղա էր Վիգեն Զաքարյանը Բեյրութից :Առավոտյան մարզանքի պատասխանատուն էր Ստեփանակերտի մեր զորանոցում : Այնքան էլ հեշտ գործ չէր տարբեր տարիքի, մարզվածության և հավեսի մարդկանց «հրահրել» առավոտյան վազքի ու մարզանքի, որը ինչպես հետագան ցույց տվեց մեզ շատ էր պետք գալու: Բայց իր մոտ մի անասելի խանդավառություն և սեր կար դեպի իր գործը, որը իր հերթին փոխանցվում էր մեզ և քիչ թե շատ մասնակից դարձնում վարժանքներին:Մի քանի օրից Վիգենը մարտի դաշտում իր արյունով պետք է «ներկեր» ու «սնուցեր» հայրենի լեռների կանաչը ու ավանդեր հոգին:
Շարունակելի
Ապրես Զոհրաբյանի ՖԲ էջից

