Էրդողանը հուսով է, որ Բրանսոնի ազատ արձակումը կնպաստի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով իր Twitter-ի էջում գրառում էր կատարել այն բանից հետո, երբ Թուրքիայում հոկտեմբերի 12-ին ազատ արձակվեց ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։
Թրամփն իր էջում Բրանսոնի ազատ արձակման մասին մի քանի գրառում էր արել: Առաջինում մասնավորապես ասել էր.
«Մենք շատ ջանք թափեցինք հոգևորական Բրանսոնի հարցում։ Իմ մտքերն ու աղոթքները հոգևորական Բրանսոնի հետ էին։ Հուսով ենք, որ նա շուտով անվտանգ կվերադառնա տուն»։
Իսկ հաջորդ գրառման մեջ Թրամփը, շնորհակալություն հայտնելով Էրդողանին, նշել էր.
«Ազատ արձակված Բրանսոնը կեսօրից հետո կլինի ինձ մոտ։ Նա հրաշալի քրիստոնյա է, ով անցավ դժվար փորձությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի նախագահ Էրդողանին օգնության համար»։
Ի պատասխան Թրամփի վերոնշյալ գրառմանը՝ Էրդողան Twitter-ում գրել է. «Հարգելի Թրամփ, ինչպես մենք նշել էինք, Թուրքիայի դատաիրվական համակարագն անկախ որոշում կայացրեց։ Հուսով եմ, որ ԱՄՆ ու Թուրքիան կշարունակեն համագործակցել, ինչպես հարիր է երկու դաշնակիցներին։ Հուսով եմ, որ Թուրքիան և ԱՄՆ-ն կշարունակեն պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների՝ այդ թվում «Քուրդիստանի բանվորական կուսակցության», «Իսլամական պետության» և գյուլենական համայնքի դեմ։
Աղբյուր` Ermenihaber