Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
«Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով»,- նշում է փաստաբան Արսեն բաբայանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ձերբակալությանը։
Նա գրել է. «Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։
Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։
Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։
Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով»։

