Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել: Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստր՝ Էմմա Ծառուկյանը:
«Այսօր ես չեմ ուզում խոսել մեղադրանքների մասին։ Ես ուզում եմ խոսել հորս գործերի մասին։
Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը։
Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։ Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։ Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։
Մարդուն կարելի է զրկել ազատությունից։ Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։ Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու անունը։
Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։ Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։
Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։ Որովհետև ես գիտեմ՝ մեծությունը երբեք չի չափվում այն օրերով, երբ բոլորը ծափահարում են քեզ։ Մեծությունը չափվում է այն օրերով, երբ ամեն ինչ փորձում են խլել քեզնից, բայց նույնիսկ այդ ժամանակ մարդիկ շարունակում են ապրել քո ստեղծածի շնորհիվ ու միևնույն է դա չի խանգարում նրան օգնել ու կառուցել։
Ժամանակը կանցնի, կանցնեն նաև այս օրերը։
Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու՝ ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ»,- գրել է նա։

