Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկությունը շարունակվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեռևս չունեն տեղեկատվություն, թե կոնկրետ որ գործերի շրջանակներում է իրականացվում։
«Այս պահի դրությամբ ուզում եմ կարճ անդրադառնալ «Մուլտի գրուպի կոնցեռնի» կազմում գործող ընկերություններում կատարվող խուզարկություններին՝ «Արարատ ցեմենտ»-ում, «Մուլտի Վելնես»-ում, Երևանի Արարատ կոնյակի, գինու կոմբինատում, «Մուլտի թոն» ընկերությունում, նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում և Օլիմպավանում խուզարկություններն ավարտվել են։ Ցավոք սրտի, պետք է հայտնեմ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մասնավորապես կապարակնքվել է և դադարեցրել է գործունեությունը։ Սա իրականում միջազգային մակարդակի խայտառակություն է, որովհետև սրանով շատ մեծ վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, որովհետև նման նախադեպ քաղաքակիրթ աշխարհում, որ դադարեցվի Ազգային օլիմպիական կոմիտեի գործունեությունը և կապարակնքվի վարչական շենքը, երբևէ չի եղել։ Առավել քան վստահ եմ, որ, Հայաստանի հանրապետության իշխանությունները և այն անձինք, ովքեր ստանձնել են այս ամբողջ գործընթացի պատասխանատվությունը, շատ կարճ ժամանակահատվածում տեսնելու են այս գործընթացի աղետաբե՛ր հետևանքները»,- ասաց Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով՝ կապարակնքվել է նաև Արարատ ցեմենտ գործարանը, Երևանի Արարատ կոնյակի, գինու կոմբինատը, կոմբինատի հարևանությամբ գտնվող ադմինիստրատիվ վարչական շենքը։ ԲՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է, հազարավոր աշխատաիկցներին հանել են՝ դադարեցնելով նրանց բնականոն աշխատանքը։
Աղբյուրը` Panorama.am

