Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջույնում նշել է, որ անպաշտպան մարդկանց կոտորածի հետևանքները ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության և այլատյացության հրահրման հետևանքները։
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Անպաշտպան, անմեղ մարդկանց դաժան կոտորածը, որոնք սպանվեցին, վիրավորվեցին և վտարվեցին իրենց հայրենի քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, և դրա աղետալի հետևանքները հստակ ցույց են տալիս կրոնական ատելության, ազգայնականության և այլատյացության հրահրման հետևանքները», - ասվում է ուղերձում։
Նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ 1915 թվականի մայիսին ընդունված համատեղ հռչակագրում, որում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը դատապարտվում է որպես մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն, իսկ ավելի ուշ՝ 1995 թվականի ապրիլի 14-ի Պետդումայի հայտարարության մեջ։

