Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է
Ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ փոփոխության բերեց համաշխարհային հարաբերությունների հաշվեկշռում, նշում է ամերիկյան պարբերականը:
Իսկ այս տարվա դեկտեմբերի 5-ին հրապարակված ԱՄՆ-ի նոր ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, նշված է բառացի հետևյալը.
Առաջին
Թրամփի վարչակազմը հակասության մեջ է եվրոպացի պաշտոնյաների հետ, ովքեր անիրատեսական սպասումներ ունեն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։
Երկրորդ
Եվրոպական իշխանությունները ոտնահարում են ժողովրդավարության հիմնական սկզբունքները և ճնշում են ընդդիմությանը։
Երրորդ
Եվրոպացիների մեծ մասը ցանկանում է խաղաղություն, բայց այս ցանկությունը չի վերածվում գործողությունների՝ ժողովրդավարական գործընթացների խաթարման պատճառով։
Չորրորդ
Եվրոպական պետությունները չեն կարողանում բարեփոխվել. նրանք խրված են քաղաքական ճգնաժամի մեջ։
Հինգերորդ
Եվրոպան ռազմավարական և մշակութային առումով շարունակում է կենսական նշանակություն ունենալ Միացյալ Նահանգների համար։ Տրանսատլանտյան առևտուրը մնում է համաշխարհային տնտեսության և ամերիկյան բարգավաճման հենասյունը։
Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ անտեսել Եվրոպան. դա անելը ինքնապարտություն կլինի։
ԱՄՆ-ի նպատակը պետք է լինի օգնել Եվրոպային շտկել իր ներկայիս ընթացքը։
Միացյալ Նահանգները հույսը դնում է ստեղծագործ, կարող և վստահ ժողովրդավարական դաշնակիցների վրա՝ կայունության և անվտանգության ուղղությամբ շարժվելու համար։
Վեցերորդ
Վաշինգտոնը ցանկանում է համագործակցել նման մտածողությամբ երկրների հետ, որոնք ձգտում են վերականգնել իրենց նախկին մեծությունը։ Եվրոպայի տնտեսական անկումը ստվերվում է քաղաքակրթական ոչնչացման իրական և ավելի մռայլ հեռանկարով։ Եվրոպայի խնդիրը Եվրոպական Միության և այլ վերազգային կառույցների գործողություններն են, որոնք խոչընդոտում են քաղաքական ազատությունն ու ինքնիշխանությունը, ներառյալ միգրացիոն քաղաքականությունը, խոսքի ազատության գրաքննությունը և քաղաքական ընդդիմության ճնշումը, ծնելիության մակարդակի անկումը, ազգային ինքնության և ինքնավստահության կորուստը։
Յոթերորդ
Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Եվրոպան անճանաչելի կդառնա 20 տարի անց կամ ավելի շուտ։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք առանձին եվրոպական երկրները կկարողանան պահպանել բավականաչափ ուժեղ տնտեսություններ և զինված ուժեր՝ Միացյալ Նահանգների հուսալի դաշնակիցներ մնալու համար։
Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Եվրոպան մնա եվրոպական, վերականգնի իր քաղաքակրթական վստահությունը և հրաժարվի կարգավորիչ խեղդման վրա իր ձախողված կենտրոնացումից։
Ութերորդ
Եվրոպայի հարաբերությունները Ռուսաստանի հետ ներկայումս լրջորեն թուլացած են, և շատ եվրոպացիներ Ռուսաստանին ընկալում են որպես գոյության սպառնալիք։ Ռուսաստան-Եվրոպա հարաբերությունների վերականգնումը կպահանջի ԱՄՆ-ի զգալի դիվանագիտական ներգրավվածություն՝ թե՛ Եվրասիական տարածաշրջանում ռազմավարական կայունության, թե՛ Ռուսաստանի և եվրոպական պետությունների միջև հակամարտության ռիսկը նվազեցնելու համար։
Իներորդ
ԱՄՆ-ի կենսական շահերից է բխում Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման շուրջ բանակցություններ վարելը՝ եվրոպական տնտեսությունը կայունացնելու, սրացումը կանխելու, Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունությունը վերականգնելու և Ուկրաինայի հետպատերազմյան վերակառուցումն ապահովելու համար, որը կարևոր է նրա՝ որպես կենսունակ պետության գոյատևման համար։
Այսպիսով, նույնիսկ ԱՄՆ-ի այս փաստաթղթում է արձանագրված, որ ներկայիս ԵՄ-ն կանգնած է լրջագույն ճգնաժամի առջև:
Սակայն միայն Թրամփի վարչակազմը չի, որ արձանագրում է այս տխուր պատկերը:
Ըստ բրիտանական Financial Times-ի՝ Եվրոպական ավտոմոբիլային հսկա Volkswagen-ը իր 88 տարվա գործունեության ընթացքում առաջին անգամ ամբողջությամբ դադարեցրել է արտադրությունը Գերմանիայում գտնվող իր գործարաններից մեկում։
Ինչպես վերջերս նշել է Գերմանիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտը. «Գերմանիայի տնտեսությունը շարունակում է մնալ ճգնաժամի մեջ։ 2025 թվականի առաջին կեսի լճացումից հետո, գների վրա հիմնված համախառն ներքին արդյունքը, կանխատեսումների համաձայն, այս տարի կաճի 0.2%-ով... Բոլոր ոլորտների ընկերությունները հայտնում են շարունակական թույլ պահանջարկի և իրենց միջազգային մրցակցային դիրքի վատթարացման մասին»։
Արժույթի միջազգային հիմնադրամը եվրագոտու համար ընդհանուր առմամբ կանխատեսում է ընդամենը 1.2% աճ մինչև 2025 թվականի վերջը և շեշտը դնում է հետագայում «դանդաղ և միջակ աճի» վրա։
ԱՄՆ տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը ոչ թե վիրավորանք է, այլ «ախտորոշում» Եվրոպայի համար, որը նախատեսված է մայրցամաքը ճիշտ ուղու վրա դնելուն օգնելու համար: Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է Bloomberg-ը:
Հելբերգը նշել է, որ Եվրոպան կանգնած է ընտրության առաջ՝ «կառավարվող անկում, բյուրոկրատական կաթվածահարություն» կամ «վերածնունդ, անվտանգ սահմաններ, էներգիայի առատություն»:
Թրամփի կողմից ստորագրված ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը ցնցում և ակտիվ քննարկումներ է առաջացրել փորձագիտական շրջանակներում և ԵՄ պաշտոնյաների շրջանում։
Շատ եվրոպական գործիչներ համամիտ են Թրամփի վարչակազմի գնահատականների հետ: Մասնավորապես, ըստ Մալթայի նախկին արտգործնախարար Էվարիստ Բարտոլոյի, եվրոպական նոր մոդելը ժողովրդավարություն, քաղաքական իրավունքներ և ներառականություն չէ, այլ պատերազմ, և միության ղեկավարությունը «Եվրամիությունը տանում է ինքնասպանության»։ Մոտ տեսակետի են նաև, Հունգարիայի, Սլովակիայի, Չեխիայի ղեկավարները: Իտալիայի փոխվարչապետ Սալվինին:
Սակայն Թրամփի վարչակազմի տեսակետին փորձում են հակադրվել ԵՄ-ի գլխավոր երկրների ղեկավարները. Մակրոնը, Մերցը և Մեծ Բրիտանիան՝ Ստարմերը: Նրանց ձայնակցում են նաև ԵՄ-ի հայտնի կին-ղեկավարները՝ Կայա Կալասը և Ֆոն դեռ Լայենը:
Ավելին, էստոնուհի Կալասը Թրամփի վարչակազմի գնահատականները նույնիսկ բնորոշել է, որպես «սադրիչ»:
Ամերիկյան The New York Times-ի վերլուծաբանները, սակայն մանրամասն ներկայացնում են, թե ինչ կործանիչ խնդիրների առաջ է կանգնած ներկայիս Եվրոպան:
Եվրոպայում արդեն դանդաղ տնտեսական աճը վերջերս կանգ է առել. նույնիսկ արդյունաբերական հսկա Գերմանիան է անկում ապրում: Դինամիզմը փոխարինվել է ցավոտ կախվածությամբ. Եվրոպայի տեխնոլոգիաները մատակարարվում են Ամերիկայից, իսկ ամենակարևոր հանքանյութերը՝ Չինաստանից: Եվրոպան վերածվում է զբոսաշրջիկների համար մռայլ ավազատուփի, որի տնտեսությունը կենտրոնացած է բացառապես ծառայությունների վրա: Եվ այս փոխակերպումն այլևս մռայլ ենթադրությունների առարկա չէ, նշում է ամերիկյան պարբերականը:
Ուկրաինայում խաղաղության բանակցությունները ցույց են տալիս, որ եվրոպական դաշինքը աստիճանաբար սահում է դեպի երկրորդ մակարդակ։ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան «փտում է» և կանգնած է «քաղաքակրթական փլուզման» առաջ։
Այս ամենը բավականին սպառնալից է հնչում եվրոպացիների համար։ Սակայն կարգավիճակի անկումը պարտադիր չէ, որ ցավոտ լինի։ Ընդհակառակը, Եվրոպայի անկման՝ մշակութային, քաղաքական և, ամենից առաջ՝ տնտեսական, գիտակցումը կարող է հանգեցնել ներկայի նկատմամբ ավելի սթափ մոտեցման։ Մի դար առաջ, երբ Եվրոպան փաստացի «ղեկավարում էր» աշխարհը, սակայն, բավականին կասկածելի հաջողությամբ, դա կարող է նույնիսկ բուժել եվրոպացիներին գերիշխանության տանջալից նևրոզից, նշում է պարբերականը:
Բոլորը հասկանում են, որ Եվրոպան հետ է մնում։ Անցյալ տարի Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին մի բացահայտ խոստովանություն արեց։ Իր չափազանց կոշտ զեկույցում Դրագին, որին շատերը համարում էին եվրոյի փրկիչ՝ ֆինանսական ճգնաժամից հետո, թվարկեց եվրոպական տնտեսության խնդիրները՝ մրցունակության բացակայությունից մինչև ցածր արտադրողականություն:
Ըստ եվրոպացի իրատեսների՝ ներքին քաղաքականության մեջ անհրաժեշտ կլինի խզել խնայողության ֆետիշը, որը տիրել է եվրոպացի քաղաքական գործիչներին 1990-ականներից ի վեր։ Մասնավորապես, պատմաբան Ադամ Թուզը եվրոպացի տեխնոկրատներին անվանում է «նեոլիբերալիզմի թալիբներ»՝ շուկայական սկզբունքներին անզիջում նվիրվածության համար, նույնիսկ այն դարաշրջանում, երբ դրանք հայտարարվել են հնացած։ Այս դոգմայի մերժումը կարևորագույն նշանակություն կունենա. անդամ-պետությունների համար հարկաբյուջետային կանոնների մեղմացումը կնպաստի տնտեսական վերականգնմանը՝ հիմնված պետական ներդրումների ամուր ռազմավարության վրա, նշում է պատմաբանը։
Ըստ իրատես եվրոպացի գործիչների՝ Եվրոպայի համաշխարհային առաքելության ժամանակաշրջանն արդեն ավարտվել է, ինչպես որ անցյալ դարի կեսերին, ավարտվեց Մեծ Բրիտանիայի կայսրության պատմությունը:
Եվ այդ իմաստով, ըստ եվրոպական վերլուծաբանների, ԵՄ-ն պիտի վերանայի իր առաքելությունը և ընտրի, կամ դառնա Մեծ Բրիտանիայի նման միավոր, կամ էլ դառնա «Մեծ Շվեդիա»՝ պահպանելով իր արդյունաբերական պոտենցիալը:
Սակայն, ըստ վերլուծաբանների, երկու տարբերակում էլ Կալլասի և Ֆոն դեռ Լայենի նման գործիչներ արդեն չեն կարող լինել ԵՄ-ի ղեկավար կազմում:
Հայտնի ֆուտուրոլոգ և ռոմանիստ Ուելբեքը իր 2010 թվականի «Քարտեզ և տարածք» վեպում մռայլորեն կանխատեսեց մի Եվրոպա, որտեղ «բուսականությունը գերիշխում է», իսկ մայրցամաքի գործարանները կլանվում են անապատով։
Սակայն, Եվրոպայի վերածվելը կա՛մ անապատի, կա՛մ փակ բարգավաճող գավառական տարածքի, ոչ մի կերպ նախապես կանխորոշված չէ։ Եվրոպան կարող է բավականին գոհացուցիչ համարել իր դերը՝ որպես նոր աշխարհակարգի ծայրամասում գտնվող խնամված այգի, եթե իհարկե նրա ղեկավարները հրաժարվեն աշխարհը կառավարելու իրենց հիվանդագին ամբիցիաներից։
Իսկ թե ինչ կստացվի, եթե մերցերը, մակրոնները և կալլասները շարունակեն ղեկավարել Եվրոպան, շատ մռայլորեն նկարագրել էր ժամանակին հայտնի վերլուծաբան և փիլիսոփա Շպենգլերը, իր «Եվրոպայի անկումը» աշխատության մեջ, 1918-1922 թվականներին:
Շպենգլերը, հրաժարվում է պատմությունը գծային ընկալել։ «Հին աշխարհ - Միջնադար - Նոր ժամանակներ» տրամաբանությամբ: Ըստ նրա, դա աներևակայելիորեն աղքատիկ և անիմաստ սխեմա է։
Շպենգլերի նպատակն էր կազմել աղյուսակ, որը կցուցադրեր մարդկային հասարակության համաշխարհային պատմության մեջ տարբեր մշակույթների զարգացման նույն փուլերը: Ըստ Շպենգլերի, յուրաքանչյուր մշակույթ ապրում է մանկության, երիտասարդության, հասունության և ծերության շրջաններ: Պատմության իմաստն այն է, ըստ նրա, որ այս մշակույթները փոխարինում են միմյանց, աճում են միմյանց կողքին, շփվում միմյանց հետ, մղում միմյանց մի կողմ և ճնշում միմյանց:
Օրինակ, ըստ Շպենգլեռի, հրեաները, որպես ավելի վաղ և արդեն ավարտված շրջանի քաղաքակրթության մնացորդային տարրեր, որոնք ապրում էին քաղաքային գետտոներում՝ միջնադարյան Եվրոպայի բնակչության շրջանում, «անհող, ցինիկ և առևտրական» կյանքով և որոնք բացարձակապես օտար էին Արևմուտքի երիտասարդ, ֆաուստյան մշակույթին, 18-րդ դարում, երբ Եվրոպան դարձավ մտավորական և կոսմոպոլիտ, հրեաները զգացին, ինչպես, իրենց տանը: Այդ ժամանակից ի վեր հրեաները, առևտրի, արվեստի և փիլիսոփայության միջոցով, զգալիորեն նպաստեցին արդիականության արագացմանը, բայց այնպիսի ձևերով, որոնք նաև կործանարար դարձան արևմտյան ոգու համար:
Շպենգլերի նման գնահատականը, համահունչ էր այն ժամանակվա հակասեմիտական տրամադրություններին, որն տարածված էր ողջ Եվրոպայով մեկ:
Սակայն, եթե դուրս բերենք իր վերլուծության այս հատվածը իր ընդանուր կոնցեպտից, ապա նրա կանխատեսոփւմները Եվրոպայի ապագայի հանդեպ կրում էին իրատեսական բնույթ:
Օրինակ, ըստ Շպենգլերի, երբ ուրբանիզացիայի արդյունքում գյուղերը վերածվում են քաղաքների արբայնակների, ապա ըստ նրա, կազմաքանդվում են նաև հանրության մեջ առկա ավանդույթները: «Ժամանակակից քաղաքաբնակը նոր քոչվոր և աթեիստն է, նրա համար ամենակարևորը փողն ու իշխանությունն են, այլ ոչ թե իր ժողովորդի պատմությունն ու հայրենասիրությունը»,- նշում է Շպենգլերը։
Ըստ Շպենգլերի՝ Եվրոպայի զարգացման տրամաբանությունը բերելու է իր ժողովուրդների ծերացման, ներգաղթի աշխարհի այլ ծայրամասերից ու եվրոպական ժողովուրդների ինքնության ոչնչացմանը:
Եվրոպայի վերաբերյալ Շպենգլերի հոռետեսական կանխատեսումն այն էր, որ երիտասարդ ժողովուրդների և օտարերկրյա նվաճողների ուրախության ֆոնին Եվրոպան շուտով կբախվի անկման և կործանման։
Հետաքրքիր է, որ Շպենգլերի կանխատեսումները հետաձգվում էին բացառապես մեծ պատերազմների պատճառով: Եթե չլիներ Երկրորդ համաշխարհային պատերազմն, ապա շատ վերլուծաբանների կարծիքով, ներկայիս եվրոպական իրականությունը կլիներ անցյալ դարի 50-ական, 60-ական տարիներին:
Պարզապես մեծ պատերազմը հետաձգեց եվրոպական քաղաքակրթության անկման այս գործընթացը:
Նույնիսկ ներկայիս եվրոպական վերլուծաբաններն են կանխատեսում, որ 20 տարի անց, եվրոպական երկրներում ներգաղթյալների թիվը կանցնի 20 տոկոսը և, միևնույն է, բնակչության ծերացման հարցը չի լուծվի: Իսկ դա կնշանակի, որ ներկայիս տնտեսական մոդելի պայմաններում, Եվրոպան ուղղակի դատապարտված է և չունի ապագա, քանզի այսօր արդեն եվրոպական երկների ժողովուրդները պարտքով են ապրում: Նրանց առևտրային դեֆիցիտը Չինաստանի, Հնդաստանի և այլ զարգացող երկրներևի հետ տարեցտարի աճում է երկրաչափական պրոգրեսիայի աստիճանով:
Իսկ դա նշանում է, որ եվրոպական տնտեսությանը միայն դեֆոլտը կարող է փրկել: Սակայն ներկա պայմաններում դա իրատեսական չէ, և շատերի կանխատեսմամբ՝ միայն նոր պատերազմները կարող են կոծկել ներկայիս աղետալի իրավիճակը տնտեսություններում: «Պատերազմն ամեն ինչ կջրի» հայտնի ասացվածքը հենց այն մոտեցումն է, որով փաստացի ապրում են ներկայիս եվրոպական երկրների իշխող վերնախավերը:
Ահա թե ինչու է իրենց անհրաժեշտ, որ ուկրաինական հարցը կամ չլուծվի, կամ էլ լուծվի այնպես, որ դրա արդյունքում, Եվրոպան կարողանա լուծել իր խնդիրները՝ քանդվող Ռուսաստանի հաշվին:
Ինչպես որ դա փորձ էր արվում Նապոլեոնի և Հիտլերի արշավանքների ժամանակ:
Ի դեպ դրա մասին վերջերս հիշեցին Թրամփը և Իտալիայի փոխվարչապետ Սալվինին: Սակայն այս մոտեցմանը դեմ է աշխարհը, քանի որ Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է վերջակետ դնել նաև ողջ մարդկության վրա:
Ահա թե ինչու Շպենգլերի կանխատեսումներն այսօր դարձել են արդիական, և բոլորն առաջարկում են Եվրոպային բարեփոխում, որպեսզի այս մայրցամաքը, ազատվելով կայսրական նկրտումներից, կարողանա ապրել և բարգավաճել, սակայն առանց հիվանդագին կալլասների, ֆոնդեռլայենների, մակրոնների և մերցերի:
Դրանից օգուտ կլինի, ոչ միայն ամերիկացիների, ռուսների, հայերի և վրացիների, այլև բուն եվրոպական ժողովուրդների համար:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

