Պետք է հրաժարվել այդ հիմար, մանկապարտեզային մակարդակի քաղաքականությունից
«Հրապարակ»-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է։
- Պարոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ստատուսներով Ալիեւից ստորագրություն է մուրում, ի՞նչ խնդիր է նա լուծում դրանով, այդ ցայտնոտն ինչի՞ ցուցիչ է։
- Սա միայն մեկ բանի՝ Նիկոլ Փաշինյանի անմեղսունակության վկայությունն է։ Ի թիվս այս կառավարչի բազմատեսակ այլ որակների, որոնք դժբախտություններ են բերել է մեր ազգի գլխին, պետք է նշեմ նրա բացարձակ զրոյական բանակցային կարողությունը։ Նա չի հասկանում, թե ինչ ռեսուրսներ ունի հայկական կողմը, ինչ ռեսուրսներ ունի հակառակորդը, չի հասկանում, որ բանակցությունն այդ ռեսուրսների հաշվարկի հիման վրա փոխադարձ համաձայնության կայացումն է, որում, եթե ինչ-որ բան տալիս ես, փոխարենը ինչ-որ բան պետք է ստանաս։ Քո կողմից կատարվող բոլոր զիջումները պետք է ծառայեն հնարավոր առավելագույնը ստանալու նպատակին, սա է բանակցության արվեստը։
Մինչդեռ, ի՞նչ է անում Նիկոլը։ Մինչեւ պատերազմով պարտվելը նա չէր հասկանում, որ զիջելով հինգ շրջան՝ կարելի էր ստանալ խաղաղություն ու պահել Լեռնային Ղարաբաղը` Քելբաջարով եւ Լաչինով հանդերձ, ինչը եւ նախատեսված էր 2019 թվականի հունիսին իրեն առաջարկված Մինսկի խմբի պլանով։ Բայց նա ընդհանրապես մերժեց բանակցությունները, ինչի պատճառով մտանք աղետալի պատերազմի մեջ։ Հիմա էլ մեկ այլ ծայրահեղության մեջ է ընկել ու ամեն ինչ զիջում է, այսինքն՝ նախկինում ոչինչ չէր ցանկանում զիջել, հիմա ամեն ինչ է զիջում։ Սա տիպիկ պահվածք է մի մարդու, որը չի հասկանում, թե ինչ է նշանակում բանակցությունը։ Մինչեւ պատերազմը նա գերագնահատում էր մեր ռեսուրսները, մեր դաշնակցային ապահովագրությունը, մեր հնարավորությունները պատերազմում եւ թերագնահատում էր հակառակորդին, հիմա էլ բացարձակապես թերագնահատում է մեր ռեսուրսը, արդեն իր ուղեղի մեջ այն հավասարեցված է զրոյի, եւ գերագնահատում է հակառակորդի կարողությունները։ Նա չի բանակցում, նա ուղղակի փորձում է իրեն «խելոք» պահելով` շահել Ալիեւի եւ Էրդողանի ողորմությունը եւ այդպես, իբրեւ թե, ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Սա տիպիկ անմեղսունակություն է կամ օտարածին օրակարգերի սպասարկում։
- Իր այդ ճիգերը, թե` հենց հիմա էլ կստորագրեմ, ո՞ւմ են ուղղված՝ Էրդողանի՞ն, Ալիեւի՞ն, ներքին լսարանի՞ն կամ ուժային տարբեր կենտրոնների՞։ Այսպես նա իրե՞ն է փորձում ապահովագրել, որ հետո ասի՝ դե, ես ամեն ինչ արեցի, Ալիեւը չստորագրեց։
- Իր կարծիքով՝ ինքը փորձում է, իբր թե, «անհարմար» դիվանագիտական վիճակի մեջ դնել Ադրբեջանին՝ հուսալով, որ ամբողջ աշխարհի մոտ տպավորություն կստեղծվի, թե Հայաստանը շարժվում է դեպի խաղաղություն, եւ եթե ինքն այդ տպավորությունը ստեղծի, դրանով, ինչպես իրենք են արտահայտվում, «կդելեգիտիմացվի», այսինքն՝ միջազգային հանրության աչքերում անօրինական կդիտվի Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմը։
Սրանց խելքով, այս ամենն Ադրբեջանին կդնի այնպիսի միջազգային ճնշման տակ, որը նրան թույլ չի տա պատերազմ սկսել։ Սա մանկապարտեզի մակարդակի միամտություն է, որը ցույց է տալիս, որ Փաշինյանը համաշխարհային քաղաքականության ամենատարրական իրողություններն անգամ չի ըմբռնում։ Իրականում, Ադրբեջանը թքած ունի ե՛ւ միջազգային կարծիքի վրա, ե՛ւ նման, իբր թե, «անհարմար» դիրքում հայտնվելու հեռանկարի վրա։ Ադրբեջանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, մտածում է ստրատեգիական, նա գիտի, որ Նիկոլ Փաշինյանն այրել է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ սառեցնելով ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը, դադարեցնելով Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը։
Ստեղծել է մի վիճակ, որում Ադրբեջանը ստացել է ռազմական ագրեսիայի համար հնարավորությունների պատուհան։ Գործը մեզ համար բարդանում է նրանով, որ Ռուսաստանն ունի դեռ չլուծված պրոբլեմներ Ուկրաինայում եւ վերոհիշյալ խնդիրները Հայաստանի հետ։ Ալիեւը շատ լավ տեսնում է, որ Փաշինյանն իրականում ոչ թե ՀՀ շահերի ապահովմամբ է զբաղված, այլ ցանկանում է ծառայություն մատուցել Արեւմուտքին՝ Ռուսաստանին այս ռեգիոնից հեռացնելու համար։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին, նրա համար ավելի բնական դաշնակից է Ադրբեջանը, եւ սա պետք է շատ լավ հասկանալ։ Եթե Հայաստանն Արեւմուտքին ընդամենը կարող է մատուցել Ռուսաստանին Կովկասից հեռացնելու ծառայությունը, Ադրբեջանը շատ ավելի կարեւոր ռազմավարական նշանակություն ունի՝ հատկապես Իսրայելի համար եւ, բնականաբար, ԱՄՆ-ի համար, որի քաղաքականությունը լրջորեն կախված է Իսրայելի պատկերացումներից, թե ինչպիսին պետք է լինի նոր Միջին Արեւելքը։
Բացատրեմ. հայտնի է, որ Իսրայելի գերնպատակն է՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ստեղծի, ինչի ճանապարհին նա գտնվում է, ավելին՝ նրա նպատակն է՝ ջախջախել այդ երկիրը, որը, իրենց կարծիքով, գոյատեւական (էքզիստենցիալ) վտանգ է ներկայացնում Իսրայելի համար։ Քանի որ, իրենց հաշվարկներով, Իրանի դեմ ապագա ռազմական կոնֆրոնտացիայում Ադրբեջանն ինչ-որ պահի կարող է դառնալ ռազմական գործողությունների եւ Իրանում ադրբեջանական սեպարատիզմի բորբոքման համար լուրջ պլացդարմ, Իսրայելի համար Ադրբեջանը ռազմավարական լրջագույն ակտիվ է, որին նրանք ուզում են ընդգրկել ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան եռակողմ ստրատեգիական համագործակցության մեջ։ Այս առումով էլ, Նիկոլ Փաշինյանից սկսած, մեր բոլոր «արեւմտամետների» հաշվարկներն ի սկզբանե սխալ են եղել, ինչի մասին մենք միշտ զգուշացրել ենք, բայց դա հաշվի չի առնվել, եւ հիմա Ադրբեջանին դիտարկում են որպես մի երկիր, որը կարող է միանալ այդ Աբրահամյան համաձայնություններին, որի իմաստն այն է, որ Իսրայելի հետ համագործակցող մահմեդական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Էմիրությունները եւ այլն, պետք է ավելի շատ ինտեգրվեն ամերիկա-իսրայելական համագործակցությանը, քան աջակցեն Պաղեստինի ժողովրդի պայքարին, ինչպես դա անում է Իրանը։ Հիմա այդ Աբրահամյան համաձայնագրերի մեջ ուզում են ներառել նաեւ Ադրբեջանին, եւ այդ ուղղությամբ բանակցությունները գնում են։
Ինչպես գիտեք, Հիքմեթ Հաջիեւը եւ Բենիամին Նեթանյահուն են հանդիպել, խոսել, մենք տեսանք, որ Թրամփի էմիսար Վիթքոֆն այցելեց Բաքու։ Այս ամենը դրա շուրջ է, եւ ստեղծվել է մի վիճակ՝ գլխավորապես Փաշինյանի դիվանագիտական սխալների հետեւանքով, երբ Հայաստանը զրկվել է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի աջակցությունից, որովհետեւ այն դեկլարատիվ աջակցությունը, որ մենք ունենք Արեւմուտքի կողմից, համեմատության մեջ չի մտնում այն ռեալ֊պոլիտիկ աջակցության հետ, որը վայելում է Ադրբեջանը։ Հետեւաբար, այս անմեղսունակ դիվանագիտական սխալների պայմաններում Ալիեւը շանս է տեսնում՝ օգտվել հնարավորությունից եւ ռազմական ճնշմամբ ստանալ «զանգեզուրյան» միջանցքը։
- Այսինքն, այս փուլում իրատեսակա՞ն է էսկալացիայի հնարավորությունը: Տպավորություն է, թե այդ տեղեկատվական գրոհը հայ ժողովրդին վախի մթնոլորտում պահելու համար է, որն իրականացնում է Փաշինյանը։
- Արդյո՞ք սա մեծ բլեֆ է Ադրբեջանի կողմից՝ նորանոր զիջումներ կորզելու համար, թե՞ նրանք իրականում պատրաստվում են պատերազմի` սա վիճելու հարց է, բայց ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ մենք լուրջ խնդիրներ ունենք, եւ այդ խնդիրները կապված են այն փաստի հետ, որ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին եւ ադեկվատ չէ ստեղծված մարտահրավերներին ու սխալ որոշումներ է կայացնում։
Դա, մասնավորապես, վերաբերում է մանկապարտեզի մակարդակի այդ մտածողությանը, որ ամեն ինչ զիջելով Ադրբեջանին՝ կլինի խաղաղություն։ Ինչպես մենք տեսանք, այդ զիջումները բերում են ոչ թե խաղաղության, այլ ագրեսորի ախորժակի մեծացմանը եւ բորբոքմանը։ Ես զարմանում եմ, որ Հայաստանի իշխանությունները եւ նրանց «վերլուծաբանները» զարմացած են, թե ինչու է այս զիջումներից հետո Ադրբեջանն ավելի սրում իրավիճակը` ամեն օր խոսում է կրակոցների մասին եւ նախապատրաստվում պատերազմի։
Դա այդ մանկապարտեզի մակարդակի քաղաքականության ամենամեծ հետեւանքն է, իսկ իրական լուծումը պետք է գտնել ոչ թե նրա մեջ, որ մենք մեր վերջին խաղաքարտերը հանձնենք Ադրբեջանին եւ սպասենք նրա ողորմածությանը, այլ այս իշխանությունը պետք է հասկանա (չնայած ես կասկածում եմ նրանց այդ ունակությանը), որ Ադրբեջանին զսպելու միակ ձեւը դիմադրության պոտենցիալի ստեղծումն է: Դա պետք է երկու ուղղությամբ իրականացնել։ Առաջին․ պաշտպանունակության բարձրացում եւ տնտեսական զարգացում, եւ, երկրորդ՝ ստեղծել այնպիսի դիվանագիտական դասավորվածություն, որը կապահովի մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացողների առնվազն նորմալ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։
Այստեղ առաջնայինը ես համարում եմ այն, որ այս իշխանությունը պետք է հասկանա, որ Ռուսաստանին մերժելու եւ դրա հաշվին, իբր թե, Արեւմուտքի պաշտպանությունը ստանալու քաղաքականությունը բացարձակ ձախողում էր։ Դեպքերի ընթացքը հենց դա է ապացուցում. ստրատեգիական իրավիճակն աշխարհում փոխվել է, եւ Ռուսաստանը համագործակցում է ԱՄՆ-ի հետ՝ նոր աշխարհակարգ ստեղծելու ուղղությամբ։ Պետք է հրաժարվել այդ հիմար քաղաքականությունից եւ վերականգնել դաշնակցային հարաբերությունները ռուսների հետ, որքան էլ մենք դժգոհ լինենք իրենց դաշնակցային պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման հանգամանքից։ Այլ կերպ վարվելով, մենք ուղղակի հեշտացնում ենք Ալիեւի ագրեսիվ խաղը։
- Նիկոլ Փաշինյանով դրան հնարավո՞ր է հասնել։
- Իդեալական տարբերակը, իհարկե, կլիներ անմեղսունակին իշխանությունից հեռացնելու տարբերակը, բայց ստեղծված իրավիճակում ինքնին դա բավականին բարդ խնդիր է։ Լուծումը կարող է լինել հզոր կոնսոլիդացված շարժման ստեղծումը, որին ժողովուրդը կընկալի որպես ցանկալի եւ իրական այլընտրանք Նիկոլ Փաշինյանին։ Այս ուղղությամբ քաղաքական ուժերը պետք է աշխատեն, եւ մենք դա անում ենք։
- Եվ իր այս ցայտնոտով, ամեն ինչ տալու հանձնառությամբ Փաշինյանն անձնական երաշխիքնե՞ր է փնտրում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։
- Իհարկե։ Առաջ գուցե իր «ստրատեգիան» կապված էր նրա հետ, որ Ռուսաստանը նա համարում էր կործանվող պետություն, որը դուրս է գալու Կովկասից, եւ Ռուսաստանը փոխարինվելու է Արեւմուտքով։ Բայց այդ «հաշվարկի» ձախողման գլխավոր արդյունքն այն է, որ այսօր արդյունավետ աջակցություն եւ պրոտեկցիա չենք ստանում ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արեւմուտքից։ Ո՞ւր է դեռ 2021 թվականին Եվրոպական Միության խոստացած 2,6 միլիարդ եվրոն, որն արդեն վաղուց պետք է ստացած լինեինք։
Այս նոր իրավիճակում նա պետք է նոր «ռազմավարություն» մշակի իր համար, եւ դա այն է, որ պետք է ամեն կերպ լեզու գտնի Ալիեւի ու Էրդողանի հետ, ինչով որ զբաղված է։ Եվ մենք տեսնում ենք, որ նա ջանք չի խնայում, որ ամբողջությամբ տրվի Ալիեւ-Էրդողան զույգի պահանջներին եւ ապահովի իբր թե անվտանգությունը, իբր թե խաղաղությունը եւ, հետեւաբար, նաեւ՝ սեփական իշխանությունը, բայց ես նորից եմ ասում, որ դա անմեղսունակ, քաղաքականությունից որեւէ բան չհասկացող մարդու պահվածք է, որը ոչ մի ապագա չունի, բացի նրանից, որ ավելի է գրգռում Ադրբեջանի եւ Թուրքիայի ախորժակը՝ ընդհանրապես ոչնչացնելու հայոց պետականությունը։