Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք։ Նշվում էր, որ հայկական կողմում կա մեկ վիրավոր։