Արցախում, այնուամենայնիվ, որոշել են սկսել ուսումնական գործընթացը․ այն կմեկնարկի սեպտեբերի 1-ին
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։
Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։
Դասերի մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում։