Ադրբեջանը չի հրաժարվել ԼՂ հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից․ ԱՀ ԱԳՆ
ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիայի մասին․
2023 թվականի հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, հրետանու և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի տարածքի խորքում գտնվող օբյեկտների վրա, որի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության ՊԲ 4 զինծառայող։
Այդ հարվածների համար մեղքը արցախյան կողմի վրա բարդելու ադրբեջանական կողմի արդեն սովորական դարձած փորձերը զուրկ են որևէ հիմքից: Այդ են վկայում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոսքերը, որը հունիսի 26-ին՝ նշված հարձակումից ընդամենը երկու օր առաջ, հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Արցախի ՊԲ-ն Ադրբեջանի համար որևէ վտանգ չի ներկայացնում՝ միաժամանակ սպառնալով մեկ կորպուսի ուժերով ռազմական գործողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում: Ըստ էության, Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոստովանել է, որ հենց իր երկիրն է հանդիսանում ագրեսոր և իրականացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմականացում։
Մարդկային զոհերի հանգեցրած այս չհրահրված հարձակումը հերթական անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը չի հրաժարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժով լուծելու իր ծրագրերից։ Հունիսի 28-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածքում հասցված հարվածները, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած գնդակոծումներն ու հարձակումները խաղաղ բնակիչների վրա, Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացվող ցեղասպան քաղաքականության ակնհայտ դրսևորումն են, որը նա հետևողականորեն իրականացնում է միջազգային հանրության կողմից դիմադրության բացակայության պայմաններում։