Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր. վարչապետ
Այսօր ՀՀ Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է կրթական համակարգին և համապատասխան հանձնարարականներ տվել:
«Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից», - նշել է գործադիրի ղեկավարը և ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում: