Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և Միացյալ Նահանգների կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«2022 թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է լիակատար շրջափակման մեջ պահել միակ ճանապարհը, որը Հայաստանը կապում է էթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հետ, որն ավելի քան 120 հազար էթնիկ հայերի հայրենիքն է: Շրջափակումն ամբողջությամբ խզում է Արցախի միակ հումանիտար կյանքի ճանապարհը դեպի Հայաստան՝ խոչընդոտելով սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և այլ կարևոր մարդասիրական պաշարների տեղափոխումը տարածաշրջան», - ասել է Հոլդենը:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Կալիֆորնիայում է ապրում ամերիկահայերի մեծ համայնք, որոնցից շատերի հարազատները և ընկերները տուժում են շարունակվող շրջափակումից:
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տեղեկատվության՝ Կալիֆորնիայի նահանգային խորհուրդն այսօր ավելի ուշ կքվեարկի AJR 1 միջոցի շուրջ: