«Արցախը դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում». Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են արել
Արցախի շրջափակման 100-րդ օրը՝ այսօր մարտի 21–ին, ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել էր բողոքի ակցիա՝ արցախցու ձայնը լսելի դարձնելու, պայքարի վճռականություն արտահայտելու եւ հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջից։
«Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառույցներ եւ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միություններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիվանագիտական մակարդակով, հանրային բեմերում չեն մոռացել Արցախը եւ ամեն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրությունը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է եւ իր դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով հարգանք եւ ակնածանք»,– ասվում է հաղորդագրության մեջ։