Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով. Արայիկ Հարությունյան
Բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, ԱՀ պահեստազորի սպաների միության անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցների խնդրանքով ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, անդրադարձել Արցախում տեղայակված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մարտի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը։ Նախագահը նշել է, որ առ այսօր տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ, այդ թվում նաև մարտի 1-ին քննարկվել են բացառապես տեխնիկական, հումանիտար բնույթի և ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր։
«Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքի իրացման միջոցով»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ Հանրապետության իշխանությունները հավատարիմ են ԱՀ հիմնարար փաստաթղթերի և մայր օրենքի դրույթներին։
Նախագահը պատասխանել է նաև պահեստազորի սպաներին հետաքրքրող այլ հարցերի։