Պաշտպանը կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով երկրում ստեղծված հումանիտար իրավիճակով պայմանավորված մի շարք խոչընդոտներ են առաջացել բնակչության բնականոն կյանքի կազմակերպման համար՝ այդ թվում տարբեր ապրանքների ձեռքբերման համար մարդկանց մասայական հերթերի առաջացումը:
Համացանցում շրջանառվող այս և Արցախի հումանիտար ճգնաժամը բնութագրող տարբեր նյութերում հաճախ են պատահում մարդկանց բաց դեմքերով նկարահանած լուսանկարներ ու տեսանյութեր և դրանց, ըստ երևույթին, առանց համաձայնության տարածումը:
Ելնելով վերոնշյալի հետ կապված Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ներկայացված բազմաթիվ դժգոհություններից՝ Պաշտպանը կրկին կոչ է անում հանրությանը հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ հրապարակելուց մարդկանց ավելորդ անհարմարություններ չպատճառելու համար ստեղծված՝ առանց այն էլ բարդ իրավիճակում: