Վրաստանում պատվաստումը պարտադիր չի դառնա. Ղարիբաշվիլի
Վրաստանում պատվաստումը պարտադիր չէ և չի դառնա: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հատուկ ճեպազրույցում ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ըստ վարչապետի, դա կառավարության հաստատուն որոշումն է, որը չի փոխվի։
«Իմունականխարգելման քարոզարշավն էլ ավելի կակտիվանա, պատվաստումների քարոզչական միջոցառումներ կանցկացվեն հանրապետության բոլոր շրջաններում։ Ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել մեր քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել պատվաստումների գործընթացում, հոգ տանել իրենց և իրենց սիրելիների առողջության մասին», — ասել է վարչապետը՝ հավելելով, որ պատվաստումը պարտադիր դարձնելու մասին շահարկումներն ապատեղեկատվություն են:
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ պատվաստումներն ակտիվացնելու համար պետք է քաղաքացիներին բացատրել, որ դա է համաճարակի վերացման լուծումը:
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ պարտադիր պատվաստումը կոպտագույն միջամտություն է մարդկանց ընտրության հարցում, և բնակչության մեծ մասը չի աջակցում պարտադիր պատվաստմանը։