Թուրքիան կազատականացնի Նախիջևանի հետ առևտուրը
Թուրքիայի Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է ազատականացնել Նախիջևանի հետ առևտուրը: Թուրքական «Milliyet» թերթի տեղեկացմամբ՝ թուրք նախարարն այս մասին հայտնել է Կարս կատարած այցի ընթացքում:
Նախարարը նշել է, որ հատուկ կառույց կձևավորվի, որը պետք է զբաղվի Թուրքիայից Նախիջևան ապրանքների ներմուծման և արտահանման գործերով: Ըստ նախարարի՝ տեխնիկական առումով ենթակառուցվածքներն արդեն ստեղծվել են: Առք ու վաճառքը կատարվելու է թուրքական լիրայով: Զեյբեքչին համոզված է, որ Նախիջևանի հետ առևտրի աշխուժացումը կնպաստի Կարսի զարգացմանը:
«Առաջին փուլում Նախիջևանի և Կարսի միջև առանց մաքսատուրքի 100 միլիոն դոլարի ապրանքաշրջանառություն ենք նախատեսում: Այս առևտուրը հենց կարսեցիներն են անելու: Առևտուրը կհանգեցնի արտադրության, բեռնափոխադրումների և պահեստավորման գործառույթների և ծառայությունների զագացմանը»:
Աղբյուր` Ermenihaber.am