Սեպտեմբերի 1-ը գիտելիքի և դպրության օրն է. ՀՀ բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին
Սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրը, Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում մեկնարկել է նոր՝ 2021-2022 ուսումնական տարին:
Ուսուցումը կլինի առկա ձևաչափով և ամենօրյա ռեժիմով, սակայն բոլոր դպրոցներում կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու նպատակով պետք է պահպանվեն հակահամաճարակային կանոնները:
Դպրոցներում կպահպանվի դիմակները դնելու ավանդույթը, ինչպես նաև ախտահանման գործընթացը կշարունակվի:
Միջազգային գործընկերների հետ աշխատանքներ են տարվել ու քայլեր են ձեռնարկվել, որպեսզի դպրոցներն ապահովվեն անհատական պաշտպանիչ ու ախտահանող միջոցներով:
Հայաստանում, գիտելիքի և դպրության օրն այս տարի առաջին դասարանցիների համար սկսվել է օգոստոսի 31-ին: Նման որոշում էր կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնները: