Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական եզրակացություն է ընդունվել
Պոլսահայ լրագրող «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը նոր մեղադրական եզրակացություն է ընդունել:
Ըստ թուրքական «Ajanshaber.com» լրատվական կայքի՝ մեղադրական եզրակացության մեջ կասկածյալների ցուցակում են հայտնվել գյուլենական շարժման ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը, ում Թուրքիայի իշխանությունները համարում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի նախաձեռնող, Գերմանիայում ապաստանած նախկին դատախազ Զեքերյա Օզը, ով նույնպես մեղադրվում է գյուլենականների հետ կապ ունենալու մեջ, ինչպես նաև ժանդարմերիայի մի շարք պաշտոնյաներ:
14-րդ դատարանը բավարարել է նաև այս նոր եզրակացությունը հիմնական գործին կցելու դատախազության պահանջը:
Ավելի վաղ նույն դատարանը 2 անգամ մերժել էր ընդունել մեղադրական եզրակացությունը՝ դրանում առկա թերությունների պատճառով:
Նշենք, որ 3-րդ փորձից ընդունված եզրակացության մեջ գործով անցնող կասկածյալների զգալի մասը համարվում են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված գյուլենական կազմակերպությունների անդամներ:
Աղբյուր` Ermenihaber.am