ԱՄՆ պետքարտուղարությունը հիասթափված է, որ Թուրքիան հրաժարվել է ստամբուլյան կոնվենցիայից
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն արձագանքել է «Կանանց դեմ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից» Թուրքիայի դուրս գալու մասին որոշմանը: Այդ փաստաթուղթը հայտնի է ստամբուլյան կոնվենցիա անունով։
Փրայսը նշել է, որ Թուրքիայի՝ ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խորը հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին:
«Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց է նաև կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելուն ուղղված միջազգային ջանքերի համար: Մենք բոլոր պետություններին կոչ ենք անում կանխել գենդերային բռնության բոլոր ձևերը և ուժեղացնել դրանց նկատմամբ արձագանքը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Թուրքիան պաշտոնապես դուրս եկավ ստամբուլյան կոնվենցիայից: Հազարավոր կանայք նախագահ Էրդողանի այդ որոշման դեմ Թուրքիայի տարբեր վայրերում բողոքի ակցիաներ են կազմակերպել: Ոստիկանությունն է ուժ է կիրառել ցույցերին մասնակից բազմաթիվ կանանց նկատմամբ։