Instagram ու Facebook ցանցերը ատելության խոսք տարածելու համար հեռացրել են Բայրաքթարի գրառումները
Instagram ու Facebook սոցիալական ցանցերը հեռացրել են Էրդողանի փեսա, ԱԹՍ-ներ արտադրող «Baykar savunma» ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարի՝ հրեաներին դատապարտող գրառումները։
Սոցցանցերը դա հիմնավորել են նրանով, որ Բայրաքթարը ատելության խոսք է տարածում:
Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Բայրաքթարը:
Նա իր գրառման մեջ Երուսաղեմի հին քաղաքում Ալ-Աքսա մզկիթի մոտ բռնկված հրդեհի ժամանակ հին քաղաքի պարսպից դուրս հավաքված հրեաների երգ ու պարն անվանել էր ատելություն, գազանություն ու կոտորած:
«Թո՛ղ խորտակվի Ձեր մտքի ազատություն ու մարդու իրավունքներ անվանվող երկերեսանիությունը»,- ավելացրել էր Բայրաքթարը:
Նշենք, որ պաղեստինցի արաբների հետ տեղի ունեցած բախումների շրջանակներում Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնատար այրերն ու ընդդիմադիր առաջնորդները: