Ռոբերտ Քոչարյանը հիմնավորեց, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նպատակաուղղված ցանկանում կազմաքանդել հայկական բանակը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կազմաքանդում է հայկական բանակը, որպեսզի այս ինստիտուտը լուրջ սպառնալիք չդառնա Փաշինյանի անձնական իշխանության համար։
«Եթե մեկ տարում փոխվում են պաշտպանության 3 նախարարներ և գլխավոր շտաբի 2 պետեր», նկատեց Քոչարյանը, «դա նշանակում է, որ իշխանությունը նպատակաուղղված ոչնչացնում է հայկական բանակը, որպեսզի այն չդառնա մեկ կուռ կառույց, որը կկարողանա պահանջներ դնել իշխանությունների առջև պետական սահմանների պաշտպանության, ինչպես նաև ներքաղաքական խնդիրների վերաբերյալ»։
Եթե սրան հավելենք, որ, պատասխանելով այլ հարցերի, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ Փաշինյանի իշխանությունն անուղղակիորեն ծառայում է այլ երկրների շահերին, ապա կարող ենք եզրակացնել, որ հայկական բանակի կազմաքանդմամբ շահագրգռված են նաեւ արտաքին ուժերը։ Իսկ թե ում կարող է ամենաշատը հետաքրքրել այս հարցը, դժվար չէ պատկերացնել։
Այսօր կա 2 պետություն, որոնց համար օբյեկտիվորեն ձեռնտու չէ, որ ՀՀ-ն ունենա լուրջ պաշտպանական համակարգ: Դրանք են Թուրքիան և Ադրբեջանը, ինչից էլ կարելի է եզրակացնել, թե ենթադրաբար ում պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
Սա՛ է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան