«Մեռյալ հոգիները» վերադառնում են. 2,5 միլիոն ընտրող ունենք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 3-ի դրությամբ:
Այդ հրապարակումից տպավորություն է, թե այս ընտրությունները լինելու են ոչ թե ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ ընտրություններ, այլ «մեռյալ հոգիների»:
Հրապարակված տվյալներից ստացվում է՝ Հայաստանի 2,9 միլիոն բնակչությունից (2 871 771 մարդ) (պաշտոնական) 2,5 միլիոնը ընտրության իրավունք ունի: Սա այն դեպքում, երբ ըստ պաշտոնական տվյալների Հայաստանում միայն աշակերտների թիվը 360 հազար է:
Եթե ընտրողների ռեգիստրում գրանցված անձանց թվին գումարենք Հայաստանում սովորող աշակերտների թիվը, կստանանք Հայաստանի 2,9 միլիոն բնակչությունը (շատ կոպիտ հաշվարկով):
Այսինքն, ըստ ոստիկանության հրապարակման, Հայաստանում չեն ապրում 0-ից 5 տարեկան երեխաներ, չկան արտագաղթածներ, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվածներ: Փոխարենը կա 360 հազար աշակերտ և 2,5 միլիոն ընտրող:
Ի դեպ, 2013 թ. նախագահական ընտրություններում ունեցել ենք 2 միլիոն 505 հազար 882 ընտրող: Չորս տարվա մեջ ոչ ոք չի փոխվել, ոչինչ չի փոխվել:
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը.
«Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:
Այսպես.
քվեարկության օրվանից 30 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.734:
– ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 0,
– հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 0»:
Zham.am